Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, ապրիլի 30-ին Երևանում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել ցուցարարներին, այդ թվում կանանց: Նրանց ավտոբուսներով և միկրոավտոբուսներով հեռացրել են տարածքից։ Ոստիկանները ուժ են կիրառել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ լրագրողների դեմ բռնությունները ոստիկանների ինքնագործունեությո՞ւնն է, թե՞ իշխանությունների հրահանգ։
Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ բռնությունները կատարվում են բարձրագույն իշխանությունների հրահանգով:
«Դա գալիս է Նիկոլ Փաշինյանից»,-ասաց մի քաղաքացի։
Հարցվածների մեծ մասն էլ դատապարտեց ամեն տեսակի բռնությունը։ Մի քաղաքացի վստահ ասաց, որ դա իշխանության հրահանգ է, և հավելեց․ «Խոչընդոտում են, որ շատ բաներ չպարզեք, իրենց քայլերին հակառակ բան չարտահայտվեք»
Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ լրագրողների դեմ բռնությունը ոստիկանության կամայականություն է։
«Ամեն ոստիկան չէ, որ աշխատում է օրենքով, խղճով»,- ասաց մի քաղաքացի։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ոստիկանությունը երբեմն բռնություն է կիրառում խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։