Բուսաբանական այգին կարծես վերածվում է «ասֆալտաբանականի»։ Այգու տարածքում առանձին ասֆալտապատ հատված է առանձնացվել, որը, ինչպես պարզեցինք, նոր կառուցապատումներ իրականացնելու համար է:
Oragir.News-ը այցելեց Բուսաբանական այգի և փորձեց պարզել, թե ինչ շինարարություն են իրականացնում այգու տարածքում։
Աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե շինարարական աշխատանքների արդյունքում ինչ է նախատեսված կառուցել:
Աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ այդ տարածքում կառուցվելու է սրճարան՝ հարակից նաև հրապարակ, որտեղ լինելու են նստարաններ: Տարածքի մեծ հատվածը նախատեսվում է ավտոկայանատեղի կառուցելու համար:
Տեղեկացանք նաև, որ այս տարածքից զատ՝ այգու մեկ այլ տարածքում ևս շինարարական աշխատանքներ են իրականացվում: Այնտեղ էլ նախատեսված է «Կյանքի պուրակ» կառուցել, որը նվիրված է լինելու ազատամարտիկներին: Պուրակի մոտակայքում լինելու է լիճ, որի կառուցումն ընթացքի մեջ է:
Ինչպես տեղեկացանք՝ այս լայնածավալ շինարարությունը սկսել են 5 ամիս առաջ: Այն, ըստ պայմանավորվածության, 2 տարի անց ավարտին կհասնի:
Ըստ աշխատակիցների՝ այս ամենը նախաձեռնված է ժողովրդի և այցելուների լավ ժամանցի համար:
Այնուամենայնիվ անհասկանալի է մնում, թե Բուսաբանական այգին ինչու է վերանայել իր առաքելությունն ու որոշել այգուն հարակից կառուցել սրճարան և ավտոկայանատեղի:
Ստացվում է, որ բնությունը հարստացնելու, կանաչապատ տարածքներն ընդլայնելու, այգին մեծացնելու և նոր ծառեր տնկելու փոխարեն՝ այժմ նախընտրությունը տրվում է բետոնին։ Ու այգու մի հատված, որտեղ կարող էին ծառեր լինել, ներկայումս ասֆալտապատ տարածք է։
Մանրամասները՝ տեսանյութում: