Եկել է Էրդողանի վրեժի ժամանակը. նա չի համակերպվում պարտության հետ
copy image url

Եկել է Էրդողանի վրեժի ժամանակը. նա չի համակերպվում պարտության հետ

Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:00 03-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, որոնցում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր կառավարման 22 տարիների ընթացքում առաջին անգամ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 35.49%: Ընտրությունների առաջատարը գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն էր, որը ստացել էր ձայների 37.77%-ը՝ հաղթելով երկրի գրեթե բոլոր խոշոր շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում։

Ընտրությունների արդյունքներով չորրորդ հորիզոնականը զբաղեցրել էր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 5.70%-ը։ Քրդամետ կուսակցությունը հաղթել էր ներկայիս Թուրքիայի արևելյան (պատմական Արևմտյան Հայաստանի-խմբ) մի շարք շրջաններում, այդ թվում՝ Իգդիրում, Վանում, Մուշում, Դիարբեքիրում (Տիգրանակերտ), Մարդինում և այլն։

Դեռևս ամիսներ առաջ, երբ Հայաստանում 2018-ից կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամները հաճախ են սիրում իրենց քաղաքական ուժին նույնացնել ժողովրդավարության պաշտպանի հետ, երկրում ընդդիմադիր ղեկավարներ ունեցող ՏԻՄ-երի զավթման հերթական փուլն էր սկսել, Oragir.News-ը գրել էր Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նմանությունների մասին։ Ամիսներ առաջ նկատել էինք, որ ֆորմալ առումով նրանց երկուսի կառավարման օրոք ընդդիմությանը հաջողվում է հաղթել ՏԻՄ ընտրություններում, սակայն տարբեր պատճառաբանություններով նրանց պաշտոնավարումը հետագայում կասեցվում է։

Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո առաջին հետընտրական մեծ սկանդալն է բռնկվել։ Մասնավորապես թեև Վանի նահանգում, որտեղ ձայների 55.48 տոկոսով հաղթանակ էր տարել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը, այնուամենայնիվ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը Զեյդանի փոխարեն հաղթող է ճանաչել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին, ով ստացել էր ձայների ընդամենը 27.15%-ը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբդուլլահ Զեյդանը հայտնել է, որ իշխանությունների հրահանգով դատախազությունից գրություն են ուղարկել, որ ինքը իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու։ Նա պնդել է, որ ամեն ինչ իշխանությունների հրահանգով է, քանի որ ինքը օրինական գրանցվել է և օրինական մասնակցել ընտրություններին և հաղթել։

Քուրդ գործիչը վստահ է, որ եթե խնդիր լիներ, ապա Բարձրագույն ընտրական խորհուրդը չէր գրանցի իր թեկնածությունը։ Նա նշել է, որ օրինական ճանապարհով պայքարելու է քաղաքացիների տված քվեին տեր կանգնելու համար։

Վանում իշխանությունը զավթելու փորձից հետո քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներ ու անկարգություններ էին սկսվել, որոնց մասնակիցները պահանջում էին հարգել իրենց ընտրությունը։ Ստեղծված իրավիճակը երկրի կենտրոնական իշխանություններին ստիպել է միջոցներ ձեռնարկել, և այսօր արդեն հայտնի է դարձել, որ Վանի նահանգապետարանի որոշմամբ՝ քաղաքում ապրիլի 3-ից 17-ը արգելվել է բոլոր տեսակի ցուցերի անցկացումը։

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանի իշխանությունն ընտրություններից հետո փորձում է վրեժխնդիր լինել հատկապես այն քուրդ թեկնածուներին, որոնց հաջողվել է տեղերում պարտության մատնել իր կուսակիցներին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այն ժամանակ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությունը», որի հիմքի վրա էլ կազմավորվել է ներկայիս «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, կրկին հաղթել էր արևելյան մի շարք նահանգներում, սակայն ընտրություններից ամիսներ անց սկսված քաղաքական հետապնդումների շրջանակներում նրանց մեծամասնությունը ձերբակալվեց և պաշտոնանկ արվեց, իսկ տեղերում նշանակվեցին պաշտոնակատարներ։

Արդեն 2021 թվականի վերջի դրությամբ Թուրքիայում ձերբակալվել էին ընտրված բոլոր քուրդ համայնքապետները. Նրանց ներկայացվող հիմնական մեղադրանքը ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալն է և վերջիններսի ֆինանսավորելը, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, ավելի ուշ պաշտոնանկ արված թեկնածուներն ազատ են արձակվում, սակայն չեն վերականգնվում իրենց պաշտոններում։

Հիշեցնենք, որ 2019-ի ՏԻՄ ընտրություններից հետո ճնշումներ էին սկսվել նաև գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության թեկնածուների նկատմամբ, ովքեր այն ժամանակ նույնպես երկրի մի շարք խոշոր քաղաքներում իշխանությանը պարտության էին մատնել, սակայն ընդհանուր արդյունքներով առաջատարը Էրդողանի կուսակցությունն էր։

Այն ժամանակ քրեական գործ հարուցվեց նաև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, ով դատապարտվեց պայմանական ազատազրկման, սակայն Էրդողանն այսպես կարողացավ կանխել այս տարի կայացած նախագահական ընտրություններում Իմամօղլուի առաջադրումը որպես ընդդիմության միասնական թեկնածու, ինչը շատ կբարդացներ Էրդողանի հաղթանակը։ Ներկայումս, երբ ՀԺԿ-ն պատմության մեջ առաջին անգամ պարտության է մատնել ԱԶԿ-ին, չենք բացառում, որ նման ճնշումների ծավալները կմեծանան, որպեսզի Էրդողանին հաջողվի կանխել ընդդիմության հաղթարշավը, ինչպես նաև արդեն 2028-ին կայանալիք համապետական ընտրություններում՝ հաղթանակը։

Այսպիսով՝ փաստենք, որ Թուրքիայում նույնպես, որտեղ ֆորմալ առումով ժողովրդավարություն կա, ընդդիմության հաջողվում է հաղթել ՏԻՄ ընտրություններում, ընտրական գործընթացի ավարտից հետո ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները ահագնանում են և տարբեր պատրվակներով նրանց պաշտոնավարումը կանխվում է։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը ոչ մի կերպ չի համակերպվում պարտության հետ և ընտրություններից օրեր անց սկսել է վրեժխնդիր լինել ընդդիմության նկատմամբ։ Կարծում ենք, որ այս ճնշումները չեն սահմանափակվելու միայն Վանի նահանգով և առաջիկայում նոր դրսևորումներ են ունենալու։

Դավիթ Գույումջյան