Նշում ենք 6774 թվականը․ ինչպես են ասորիները նշում Նոր տարին՝ Հաբ-Նիսանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 01-04-2024
Ամբողջ աշխարհի ասորիները այսօր՝ ապրիլի 1-ին, նշում են իրենց Նոր տարին՝ Հաբ-Նիսանը։

Oragir.News-ը հյուրընկալվել է Դիմիտրով գյուղի ասորական համայնքի ներկայացուցիչ Նադյա Սադոևային։ Տիկին Նադյան պատմեց, որ նախկինում համայնքը շատ մեծ էր, և տոնը նշում էին համայնքով, իսկ այսօր փոքրիկ հավաքույթ են կազմակերպում ռեստորանում։

«Մեր ասորիները այստեղ են եկել 1820 թվականին, ես ծնվել եմ Դիմիտրով գյուղում։ Այսօր մենք նշում ենք մեր 6774 թվականը։ Ճիշտ է՝ մենք բոլորի նման Նոր տարին նշում ենք դեկտեմբերի 31-ին, բայց նշում ենք նաև Հաբ-Նիսանը։ Ծաղիկ-ծաղկունքը, կանաչը ապրիլի 1-ից է լինում, դրա համար էլ մենք հենց այս օրն ենք նշում։ Հաբ-Նիսան թարգմանաբար նշանակում է ապրիլի 1»,- պատմեց տիկին Նադյան։

Ասորի կնոջը հյուրընկալվել էր նաև նրա մտերիմ ընկերուհին՝ տիկին Հասմիկը, որը ազգությամբ հայ է․

«Մենք 1970 թվականից ընկերություն ենք անում, ընտանիքներով շատ մտերիմ ենք։ Իրենց բոլոր տոներն ինձ համար եղել են հետաքրքիր, զարմանալի ու հաճելի, ես իրենց բոլոր տոներին մասնակից եմ եղել։ Այսօր էլ եկել եմ միասին իրենց Նոր տարին նշելու»։

Նկարահանման պահին տիկին Նադյայի տուն եկավ նաև նրա դասընկերուհին՝ տիկին Վալյան, որը ազգությամբ ասորի է։ Նա էլ գաթա էր պատրաստել և եկել ընկերուհուն շնորհավորելու։ Տիկին Վալյան ասորերեն ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր հղելով ներս մտավ։

«Ձեր Զատիկը շնորհավոր, ուրախ Զատիկ լինի, մեր Նոր տարին էլ շնորհավոր»,- ասաց տիկին Վալյան։

Ասորի տիկնայք շնորհավորեցին ամբողջ աշխարհում սփռված ասորիներին, խաղաղություն մաղթեցին բոլորին, ապա իրենց երազանքի մասին բարձրաձայնեցին․

«Մենք ունենք պատմական հայրենիք, որը գտնվում է Իրաքում։ Մենք այստեղ խաղաղ ապրում ենք, բայց մեր պատմական հայրենիքը, որը այժմ զբաղեցնում են ուրիշ ազգերը, կուզենք վերադարձնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։