Մենք էլ գարնանն ենք նշում մեր Նոր տարին. այսօր եզդիների «Կարմիր չորեքշաբթին» է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:08 19-04-2023
Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը` հին տոմարով, որպես Նոր տարի:

Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներ և տոնակատարություններ: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը` «Կարմիր չորեքշաբթին», որը, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան:

Սա շատ հին տոն է, որը եզդիները տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում: Սոր` «կարմիր» բառը միաժամանակ նշանակում է տոն:

Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց և տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում, գունազարդում են տունը, պատրաստում են ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը, որպես կանոն, մինչև երեկո չի հավաքվում: Ազգականները, բարեկամները, համագյուղացիները, միմյանց շնորհավորելուց հետո, գնում են գերեզմանատուն` իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ:

Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ է, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը և փորձությունները մնան հին տարում և Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ:

Oragir.News-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչ Սաիդ Մամոյանը պատմեց, թե ինչպես են նշում իրենց տոնը․

«Եզդիներն այս տոնը տոնում են գարնանը, համարելով, որ Աստծո կամոք Մալակե Տաուսը ստեղծել է երկիրն ու կյանքը, գարնանը ամենուր կյանքը նորանում է: Եզդիները, ավանդույթի համաձայն ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս, դրա համար էլ ապրիլ ամսին, որպես կանոն, հարսանիքներ չեն անում:

Այս տոնի ժամանակ եզդիների հոգևոր առաջնորդարանում` Լալշա Նուրանիում կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթե լամպեր: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրները իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից, և աշխարհում կհաստատվի խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարություններն անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում` բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների Զիարատում` Սրբատեղիում:Մենք էլ գարնանն ենք նշում մեր Նոր տարին»։

Ամենից շատ դիտված