Սկսվել է «հայրենիքի մնացորդի» անդամահատման գործնական փուլը
copy image url

Սկսվել է «հայրենիքի մնացորդի» անդամահատման գործնական փուլը

Ներքին 1 տարի առաջ - 13:27 19-03-2024
Իշխանությանը ենթակա Հ1-ը ռեպորտաժ է պատրաստել ՀՀ վարչապետի տավուշյան այցելությունից։
Հավաքված տավուշցիների առջև հանդես գալով «դասախոսությամբ»՝ Փաշինյանը բացատրել է, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում։

Բացատրել է՝ Ադրբեջանի հուշմամբ, կամ օգնությամբ «ճշտված» 29773 քառակուսի կիլոմետր մակերեսով Հայաստանի Հանրապետության ոսկեզօծ մակետի վրա։ Բացատրել է միանգամայն անվրդով, անխռով, «հայրենիքի մնացորդն» անդամահատել սովորած մարդու տեսքով։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ», Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա։
Փաշինյանը, որն անվերապահ կատարում (անգամ՝ գերակատարում է) Իլհամ Ալիևի պահանջը, իր այդ սպասարկումն արդարացնելու և միաժամանակ անառարկելի դարձնելու համար «հպարտ» հայությանը վախեցնում է պատերազմով։

«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ պատերազմ չթույլատրենք։ Մենք պետք է ճշտենք Հայաստանի սահմանն այս տեղամասում, և դա արվում է ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլ հանուն Ոսկեպարի և Կիրանցի՝ որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «սահմանազատման և սահմանագծման գործընթացը նշանակում է «գետնի վրա» որոշել, թե որտեղից է սկսում կամ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը։

Հանդիպման ավարտին, ինչպես մամուլում է գրված, Տավուշի մարզպետը խստիվ հրահանգել է մասնակիցներին՝ չշփվել լրատվական միջոցների հետ, քանի որ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջին ի կատարումն՝ առաջիկայում հանձնվելու են Ոսկեպար և Բաղանիս գյուղերը, որոնց բնակիչների սիրտը շահելու համար Նիկոլ Փաշինյանը բնակարաններ է նվիրելու Իջևանում։ Եվ մասնակից գյուղապետերն էլ որոշել են, տարատեսակ պրոբլեմների մեջ չընկնելու համար, կատարել հանձնարարությունը ու լռել։

Ենթադրելի է, որ առաջիկայում իսկապես կմեկնարկի տավուշյան հիշյալ գյուղերի տարհանման գործընթացը, այնուհետև՝ կսկսվի Ալիևի թիրախ դարձած մյուս գյուղերում «բացատրական-նախապատրաստական» աշխատանքը, որը կիրականացվի արդեն վաղուց խաղարկվող «ինչպես պատվիրել էիք» սկզբունքով։

Ի դեպ, համացանցի հարթակներում որոշ ռեսուրսներ հուսահատ կոչեր են անում բնակչությանը՝ հեռացնելու իշխանությունից Փաշինյանի, զինված ջոկատներ կազմելուն և ինքնապաշտպանության անցնելուն։ Ցավոք, սա միայն ռոմանտիկա է, քանի որ Փաշինյանի վեցամյա իշխանության գլխավոր «ձեռքբերումն» է հայ ժողովրդի մի մեծ մասի մոտ տիրող ապաթիայի և ամեն ինչի համակերպվելու բնավորության գծերի ամրապնդումը։ Փաշինյանի օրոք հայ ազգը ցնցումներ շատ է տարել, սակայն վճռական պահին ինքնաբուխ հավաքված մարդկանց մոտ հայտնված խոսափողով անձինք հրաշալի կատարել են «հանդարտեցնողի» իրենց ֆունկցիաները՝ շվարած ժողովրդին ցրելով տներով։

Այս անգամ էլ կգտնվեն նմանները, հետևաբար Փաշինյանը լիովին հաջողելու է իր ծրագրերում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված