ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Այս մասին նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին տեղեկություններին։
Oragir.News-ը կրթության փորձագետ
Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե նման քայլերով ի վերջո ե՞րբ կկառուցվի ակադեմիական քաղաքը և հնարավո՞ր է, որ բուհերի շենքերը վաճառեն ավելի շուտ, քան այն կկառուցվի։ Ի պատասխան՝ Մխիթարյանը նշեց՝ ամեն ինչ գնում է հենց դրան, քանի որ մարդիկ շատ կարճ են մտածում.
«Կարծես թե քաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերի ձեռքը կրակն ընկած լինեն ու մտածում են՝ ինչպես ազատվեն։ Իսկ չակերտավոր ակադեմիական քաղաքը կկառուցվի՞, թե՞ ոչ, դա դեռ հարցական է, ոչ ոք դրա մասին պատկերացում չունի։ Սկզբից մտածում են ինչ-որ բան քանդելու մասին, իսկ կառուցելը կլնի՞, թե՞ ոչ՝ մեծ հարցական է»։
Մխիթարյանը նկատում է՝ փորձագետների և մասնագետների շրջանում կարծիք կա, որ դա չիրականացվող նախագիծ է։ Ըստ նրանց՝ դա գաղափար է, որն ինչ-որ մեկի գլխում առաջացել է, բայց միևնույն ժամանակ անիրականանալի, որովհետև դրա վերաբերյալ ո՛չ հետազոտություններ կան, ո՛չ արդյունավետության գնահատում, ո՛չ էլ հաշվարկել են, թե դրա արդյունքում Հայաստանում բարձրագույն կրթությունը կզարգանա՞, թե՞ ոչ։
«Սա է իրավիճակը, իսկ այդ աշխատանքային խմբերը ստեղծվել են, բայց ինչ-որ բան դեռ չեն արել ու վստահ էլ չեմ, որ դրանք կկարողանան արդյունք տալ, որովհետև ի սկզբանե դրված է այն գաղափարը, որ պետք է ինչ-որ բան անել։ Գուցե մարդիկ ուրիշ կարծիք ունեն առհասարակ, բայց ոչ ոք այդ կարծիքները հաշվի չի առնում»,- կարծում է նա։
Հարցին, թե ինչու են իշխանությունները, այս թեման շրջանառելով, գրգռում ու իրենց դեմ հանում գիտական համայնքը, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ այնպես չէ, որ իրենց դեմ են հանում, որովհետև մենք չենք լսում նաև գիտական համայնքի ներկայացուցիչների ձայնը։ Նրա խոսքով՝ մտավորականությունը պետք է ամբողջությամբ ոտքի կանգներ ու դեմ գնար այս որոշմանը, որովհետև ոչ ոք նրանց կարծիքը հաշվի չի առել, բայց նրանց վերաբերյալ որոշում է կայացվել։
Փորձագետը նկատեց, որ մտավորականությունից ոչ մի հակազդեցություն չկա, ինչն օրվա իշխանություններին առիթ է տալիս ավելի առաջ շարժել և այդ ուղղությամբ ինչ-որ «դիրքեր գրավել»։ «Իրենց նպատակը, որ պետք է օրինակ Գիտությունների ակադեմիան վերացնել, նրա ենթակայության տակ գտնվող գիտական ինստիտուտներն այսպես ասած մեխանիկորեն վերամիավորել որոշ բուհերի հետ, հետո բուհերը միավորել և այլն, ըստ էության, շատ հեշտությամբ առաջ են տանում, որովհետև համարժեք դիմադրության չենք տեսնում»,- կարծում է նա։
Անդրադառնալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին տեղեկություններին՝ Ատոմ Մխիթարյանն ասաց, սա պարզապես մի դրվագ է, որը ենթադրում է արվեստի ուղղությամբ գործող բուհերի միավորում և տեխափոխում Երևանից դուրս։ Նա նկատեց, որ այս որոշմանն էլ այդքան մեծ դիմադրություն և հակառակվող կարծիքներ չկան։
Կրթության փորձագետի համոզմամբ՝ այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ինչ-որ հանդիպման ժամանակ առաջարկ հնչեց Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն, որից հետո այդ նախագիծը կայծակնային արագությամբ հայտնվեց իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում։
«Դա նշանակում է, որ կա՛մ նախատեսված են քայլեր, որոնք միանգամից արվում են, կա՛մ էլ դրանք իրականացնողներն այնքան ստրկամիտ են, որ եթե ինչ-որ մեկի բերանից մի միտք է հնչում, ապա շատ կարճ ժամկետում դա դառնում որոշման նախագիծ։ Հայաստանում պարզապես աննկարագրելի իրավիճակ է ստեղծվել՝ այս համատարած անգրագիտության մթնոլորտում, որը գնալով խորանում է, անգրագիտությունը քարոզվում է»,- նշեց նա։
Ատոմ Մխիթարյանը հավելեց, որ լավ գաղափարները, այդ թվում՝ ակադեմիական քաղաքի կամ տեխնոլոգական համալսարան ունենալու մտադրությունը, արժեզրկվում են, և եթե հաջորդ կառավարությունն անգամ ցանկանա այդ գաղափարներն իրագործել, ապա ժողովուրդը թերահավատորեն է մոտենալու դրանց, քանի որ վստահության մակարդակը շատ ցածր է։ Նա ասաց, որ սա նույնպես վտանգավոր է, որի մասին նույնպես պետք է խոսել։ «Այսինքն՝ արժեզրկել լավ գաղափարները, որպեսզի դրանք հետագայում ևս իրականություն չդառնան»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան