Մենք գումար չենք ուզում, թող շենք սարքեն, տնով ապահովեն․ ես իմ կամքով չեմ իմ տունը թողել. բռնի տեղահանված

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 04-03-2024
Օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց համար՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող բնակարանային ապահովման աջակցության ծրագրի սկզբունքները՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար նախատեսելով շուրջ 3 մլն դրամ։ Այսինքն՝ կառուցվող կամ ձեռք բերվող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու և ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում այն կանցնի տվյալ ընտանիքի սեփականությանը։

Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման կլինի ՀՀ քաղաքացիություն ունենալը։

Արցախցիները դժգոհ են կառավարության այս նոր որոշումից՝ համարելով այն ոչ խելամիտ։

Իգոր Պետրոսյանը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Արցախցի տղամարդն ասում է․ «3 մլն տալիս են, բայց ես ոնց եմ տալու էդ վարձը, եթե սկի չեմ կարող իմ տան վարձը տալ»։

Ասում է՝ աշխատանք չունի, կառավարության տրամադրած աջակցությունից մի քանի ամիս է՝ չի օգտվել։

«Մենք փախստական ենք, որտե՞ղ աշխատենք, ո՞նց վաստակենք էդ գումարը, եթե ըստեղի քաղաքացի չենք։ Սաղ թողել ենք, եկել, մին հագուստ ենք կարողացել վերցնենք մեզ հետ։ Մենք ամեն ձևի տուժած մարդիկ ենք, ինչ անենք։ Մենք գումար չենք ուզում, թող շենք սարքեն, տնով ապահովեն։ Ես իմ կամքով չեմ իմ տունը թողել, եկել էստեղ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Իգոր Պետրոսյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված