Երկհարկանի տունս թողել եմ թուրքին, եկել բարձ ու վերմակ եմ խնդրում. բռնի տեղահանված
copy image url

Երկհարկանի տունս թողել եմ թուրքին, եկել բարձ ու վերմակ եմ խնդրում. բռնի տեղահանված

Ներքին 1 տարի առաջ - 09:31 27-10-2023
Բարձեր, վերմակներ, ձմեռային տաք հագուստներ, մահճակալ... Սրանք այն հիմնական պարագաներն են, որոնց կարիքն ունեն Շիրակի մարզում ապրող Արցախից բռնի տեղահանված մարդիկ։

Գաղտնիք չէ, որ արցախահայերի սոցիալական, տնտեսական և առաջնային այլ խնդիրների լուծման բեռը դրված է անհատների, բարեգործների, հասարակական և այլ կազմակերպությունների ուսերին։

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրիի գրասենյակը սեպտեմբերի 19-ից հետո շատ արցախցիների համար դարձել է աջակցության կենտրոն, որտեղ իրենց խնդիրներն ու կարիքները չեն անտեսվում։

«Փաստացի 4000 արցախցի ընտանիք է ապրում Շիրակի մարզում, Գյումրիում չկա հստակ թիվ, թե քանի արցախցի ընտանիք է ապրում, բայց մենք մոտ 250 ընտանիքի արդեն հասցրել ենք հաշվառել։ Պետք է ասեմ, որ Հայ օգնության միությունը և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը լսեցին արցախահայերի խնդիրները, կարիքների գնահատում է իրականացվել։ Արցախից բռնի տեղահանված, Գյումրիում ապաստանած հարյուրավոր ընտանիքներից՝ 60 կարիքավոր ընտանիքի բաժանվել են վերմակներ, բարձեր և անկողնային այլ պարագաներ։
Ընտանիքները ընտրությունը շեշտը դրվել է նրանց սոցիալական վիճակի վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արա Նախշքարյանը։




Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից բռնի տեղահանված Գալյա Սարգսյանը ևս օգտվել է այս հիմնադրամի տրամադրած օգնությունից.

«Հեշտ բան չէ, 2 հարկանի տունս թողել եմ թուրքին՝ եկել բարձ ու վերմակ եմ խնդրում։ Դժվար է, շատ դժվար: Վերմակ, բարձ դրանցից զապասներով ունեի, էսօրվա օրը գլխներիս տակ բարձ չկա։ Դամաշնիկներով տնից դուրս ենք եկել, ըսենց բան կինոներում էլ չկա»:




Արցախցի մեկ այլ կին էլ ասում է.

«Դոշակները փռում ենք գետնին, հարմարվել յոլա ենք գնում։
Ամեն օր հիշում եմ իմ Ստեփանակերտի մեծ ու լուսավոր տունը, մենք ոչ մի բանի կարիք չենք ունեցել։ Աշխատում էինք, մեր համար ապրում, հիմա ոչ մի բան չունենք, ամեն ինչից զրկել են մեզ ու ասում են ապրեք։ Էլի չենք դժգոհում, մենք դժոխքից ենք փրկվել, դա պատմելու բան չէ»։

Ամենից շատ դիտված