Երեկ՝ մարտի 3-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել և թափվել են պոնիների պահման տարածք։
Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանի հետ, պարզելու, թե արդյո՞ք պոնիները վնասվել են, և ի՞նչ աշխատանքներ են տարվում խուսափելու համար նման վտանգներից։
«Կենդանիներն այդ պահին հեռու են գտնվել, բացարձակ չեն տուժել և հետևաբար՝ տեղափոխման խնդիր էլ չի առաջացել, ընդհամենը մի քանի ժայռաբեկոր է ընկել անձրևաջրերի պատճառով։ Հարցը շտկվել է»,- ասաց խոսնակը։
Նրա խոսքով՝ Կենդանաբանական այգու այլ հատվածներում քարաթափման վտանգ չկա։
Հարցին՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանի կողմից կա Կենդանբանական այգու տարածքն ընդլայնելու որոշում, արդյո՞ք կատարվում են աշխատանքներ կապված այս որոշման հետ, Գրիգորյանը պատասխանեց․
«Դեռ աշխատանքները չեն սկսվել, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, բայց առաջիկայում սկսվելու են։ Ծրագիրը քննարկվել է քաղաքապետարանում»,- եզրափակեց նա։