Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է այսօր՝ իր երդմնակալության արարողության ժամանակ։
«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, և Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Երևանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- նշել է նա։
Ալիևը նաև պնդել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար միջնորդներ պետք չեն։ Ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դուրս բերվի միջազգային օրակարգից։
«Ես նախկինում էլ եմ ասել և ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել այս բարձր ամբիոնից՝ մենք մեր հարցերը լուծել ենք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դուրս բերվի միջազգային օրակարգից, որովհետև ով պատահի՝ զբաղվում է այս հարցով։ Գնացեք, ձեր գործերով զբաղվեք», - ասել է նա։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների թեման արհեստականորեն ուռճացվում է։
«Հայաստանի հովանավորներն անընդհատ ցանկանում են քննարկել այս հարցը, ջանքեր գործադրել, վերմակն իրենց վրա քաշել և որպես միջնորդ հանդես գալ»,- եզրափակել է նա։