Բարոյական նորմերի արհամարհումը նոր հորիզոններ է նվաճում 
copy image url

Բարոյական նորմերի արհամարհումը նոր հորիզոններ է նվաճում 

Միտք 1 տարի առաջ - 09:00 08-02-2024
Քաղաքական խոսույթում վիրավորական, ստորացուցիչ ու սպառնալի բառամթերք սկսվեց անպատիժ կիրառվել 2018-ի հեղափոխության շրջանում։ Թիրախում նախկիններն էին։ Ապա 2020-ի 44-օրյա պատերազմից հետո վիրավորական արտահայտությունների հեղեղ թափվեց պարտության գլխավոր պատասխանատուի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ներկայում հրապարակային խոսքում ստորացուցիչ բառամթերքն այնքան է շատացել, որ սպառնում է բարոյապես վերջնական ապականել քաղաքական համակարգը։

Պետք է գիտակցել, որ քաղաքական գործչի վարքն ընդօրինակում են ոչ միայն նրա թիմակիցներն ու հետևորդները, այլև մրցակիցները, ընդդիմախոսները։ Ուստի եթե բախում, կռիվ, պատերազմ հրահրելու խնդիր չկա, ապա արժեքների, սրբությունների ոտնահարումը, վիրավորական, ստորացուցիչ բառամթեքը բացասաբար են անդրադառնում ժողովրդի վարքաբանության վրա, նրան դարձնում շնաբարո, արժեք ու սրբություն չունեցող տականք։

Երևանի ավագանու փետրվարի 7-ի նիստում, որի ժամանակ ավագանու 3 անդամ զրկվեց մանդատից, ավագանու անդամները դարձյալ միմյանց վիրավորեցին։ Ապա հայհոյանքով և սպառնալիքով լի ելույթներ տարածվեցին համացանցում։ Սարսափելի է պատկերացնելը, թե կողմնակի հայացքով դիտողն ինչ վատ կարծիք կկազմի մեր պետության, քաղաքական համայնքի, ժողովրդի մասին։ Հավանաբար՝ ապշահար կլինի, քանի որ այսպիսի անմակարդակ հրապարակային խոսույթ չկա ոչ մի երկրում։

Մտահոգիչ է, որ իշխանություններն անտարբեր են այս ամենին։ Հավանաբար՝ կարծում են, որ եթե հասարակությունը բարոյապես քայքայվի, բոլորը բոլորին ոչնչացնելու փորձեր անեն, իրենք թռչելու են լուսին ու ապահով, մաքուր մնան։ Աղետալի այս ընթացքը կանխելու պատասխանատվություն ունեն ոչ միայն իշխանություններն, այլև քաղաքական համակարգի բոլոր միավորները միասնաբար։

Այս առումով, թերևս, ժամանակն է, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները բարոյական խարտիա ստորագրեն, որով կսահմանվեն միմյանց ու ժողովրդի հանդեպ բարոյական պարտավորությունները։ Խարտիայով կսահմանվեն ընդհանուր արժեքներ, նորմեր, սրբություններ, կարմիր գծեր, որոնք կպարտավորվեն պահպանել ստորագրողները։ Այսպիսի կարգավորումներով քաղաքական համայնքից, հավանաբար՝ դուրս կմղվեն ու հետագայում չեն կարողանան ներս սողոսկել ստախոսը, հայհոյախոսը, անբարոյականը, սրբություն ու արժեք չճանաչող սրիկան։ Այսպիսի խարտիայի պարագայում քաղաքական գործունեությամբ զբաղվողները, ենթադրաբար, առաքինի վարք կդրսևորեն, պատասխանատվությամբ կվերաբերվեն ժողովրդին, հանրային գործչի առաքելությանը։ Իսկ քաղաքական գործիչների առաքինի վարքն ընդօրինակող ժողովուրդը կարող է դրախտային երկիր ստեղծել, որը համախառն երջանկության համաթվով կզբաղցենի բարձր դիրք աշխարհում։

Եկեղեցին ևս կարող է ներգրավվել և բարոյախոսական խրատներով պաշտպանել ժողովրդին։ Մասնավորապես՝ կարող են հանրային գործիչների վիրավորական, ստորացուցիչ ու սպառնալի բառամթերքով լի հրապարակային ելույթները լսելը հռչակել մահացու մեղք։ Օրինակ՝ կաթողիկոսը կարող է 1723-ամյա քրիստոնյա համայնքին հորդորել մեղք չգործել՝ չլսել անբարոյականների ելույթները անինքնասեր մազոխիստի չվերածվելու, դժոխքի բաժին չդառնալու, անձնական և հանրային առողջության պահպանման նկատառումներով։

Պատկերավոր ասած՝ եթե ոչ ոք ոչինչ չձեռարկի հրապարակային խոսքը բարոյական նորմերի մեջ չափավորելու ուղղությամբ, ապա սրբությունների և արժեքների հրապարակավ ոտնահարումը, նետված հայհոյանքն ու սպառնալիքը օրեցօր կխտանան ու նոր ողբերգությունների պատճառ կդառնան։ Իսկ եթե հանրային գործիչները պահպանեն բարոյական նորմերը, առաքինի վարք դրսևորեն, ապա Աստվածահաճո ազգ կդառնանք, դրանից բխող դրական հետևանքներով։

Թաթուլ Մկրտչյան