Ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման որոշման մասին, որը հռչակագրի մեջ հիշատակվում է․ եթե հենվում ենք դրա վրա՝ խաղաղությունը անհնար է։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է դուրս բերենք մեր պետության բովանդակության մեջ ներքին հակասություններն ու հակադրությունները և պետք է առերեսվենք դրանց հետ, պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում։
Արձանագրենք, որ քաղաքական տեքստերը ունեն իրականացում և դրանք անպայման ունենում են արդյունք և հետևանք։
Հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշ է դրված։ Ուղենիշներից մեկը հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը՝ պատմական արդարությունը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Այստեղ խնդիրը հետևյալն է, իսկ ո՞րն է պատմական արդարությունը։ Ընդ որում կարող է լինել պատմական արդարության ամենատարբեր մեկնաբանություններ և պրոբլեմը այդտեղ է, որ մենք ասել ենք, պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձևակերպել՝ որն է այդ պատմական արդարությունը։
Մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձևակերպել՝ ո՞րն է պատմական արդարությունը, որովհետև Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր ու խմբեր, գաղափարախոսություններ պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։ Ո՞րն է հայ ժողովրդի իղձը․ հայ ժողովուրդը բնակվում է Արգենտինայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում և Իսրայելում, մենք վստահ ենք, որ այնտեղ ապրող հայ ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, մենք համոզվա՞ծ ենք։ Եթե համոզված ենք, դա որտե՞ղ է ձևակերպված։ Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշումը, մենք մեր քաղաքականությունները կառուցում ենք հետագայում դրա վրա՞, եթե այո, ապա դա նշանակում է՝ մենք ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում, նշանակում է՝ խաղաղությունն անհնար է։ Այդ քննարկումը որևէ կապ չունի ուրիշ մեկի հետ, դա մեր քննարկումն է։ Մեր այսօրվա, վաղվա, մեր ապագայի մասին է»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ երբևէ այն իղձերը, որոնց մասին խոսում ենք, դա մի կյանքի պատմության մասին չէ․ «Այսինքն՝ ես որպես քաղաքացի չեմ ունենալու այդ իղձերի իրականացումը և որպես քաղաքացի իմ հիմնարար փաստաթղթում նշված է այն, ինչ իմ մասին պիտի լինի, ես երբևէ այն չեմ ունենալու, չունենալու բայց դրան ձգտելու խնդիրը պիտի փոխանցեմ նորից հաջորդ սերնդին և նա էլ պիտի չունենա»։
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է․ «Քննարկվում է՝ հարկ վճարող քաղաքացու էս ինչ մեծարում է տեղի ունենում Հայաստանում։ Պատկերացրեք, պետությունն ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի, իրենք աշխատավարձ չեն ստանա։ Առնվազն մինչև հիմա իրենք իրենց աշխատավարձերը պետք է նվիրած լինեին պետությանը։ Պետական բյուջեից աշխատավարձ ստացողները ասում են՝ էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացի՞ն է, էս ինչ խայտառակություն է»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ ինքն այդ մարդկանց անկեղծությանը կհավատա, եթե մինչև հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը, որոնք ձևավորվել են հարկ վճարող քաղաքացիների հաշվին, վերադարձնեն պետբյուջե։
«Անկարկը՝ բա բանակը, բա Զինված ուժերը․ բանակը սնում է հարկ վճարող քաղաքացին, կա հարկ վճարող քաղաքացի, կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ բառիս բուն իմաստով՝ կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ հրացան, պագոն, աշխատավարձ, պարգևավճար, մեդալ, Ազգային հերոսի մեդալը, որ ձուլում են հարկ վճարող քաղաքացու տված հարկի հաշվին։ Կա քաղաքացի, որը հարկ է վճարում և կա ազգային հերոս։ Այն մարմինը, որը որոշում է, որ ազգային հերոս է, այդ մարմինը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա հարկ վճարող քաղաքացի։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա այն մարմինը, որը որոշում է այդ մարդը հերոս է, չկա այդ հերոսը, չկա այդ հերոսի կոչում տալու որոշումը, չկա այդ մեդալը, չկա այդ հերոսի մեդալը հանձնելու պաշտոնական արարողությունը, որովհետև այն լույսը որը վառում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում է հայրենիքի շքանշանը, այդ լույսը վառվում է հարկ վճարող քաղաքացու շնորհիվ։ Եթե ասեն՝ ոչինչ մոմի լույսի տակ կտանք՝ չկա հարկ վճարող քաղաքացի և չկա մոմ»,- նշեց Փաշինյանը։
Ներողություն խնդրելով՝ Փաշինյանը շարունակեց․
««Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ Դեֆորմացիան սկսել է այնտեղից, երբ որ մենք մեր ոտքի տակը չենք նայել։ Որ աշխատանքային քննարկումների ժամանակ ասում եմ՝ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որ խորանում ես, վերաբերմունքը շատ դեպքերում հետևյալի մասին է՝ Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա Հայաստանի՞ն եք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք՝ ինչ է, սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է․ էս գիտակցությունը մեր մեջ մտցված է։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է, գաղափարախոսական խնդիր է, սրա մասին մենք անպայման պետք է խոսենք»,- ասաց Փաշինյանը։