Հարկավոր է ապաքինել. ժողովրդի ինքնագնահատականը չի կարելի իջեցնել
copy image url

Հարկավոր է ապաքինել. ժողովրդի ինքնագնահատականը չի կարելի իջեցնել

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:30 05-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կարծում է, որ հայ ժողովրդի մասին պատկերացումները գերագնահատված են։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը իր մասին սխալ պատկերացում ունի, կարծում է, թե ինքը ամենաիդեալական ժողովուրդն է։

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը նշել էր նաև, որ հայ ժողովուրդն իրեն առողջ է համարում, սակայն իրականում բուժման կարիք ունի։ «Հայ ժողովուրդը ամենախայտառակն է, հիվանդ, բուժման կարիք ունեցող, բայց իրեն առողջ համարող։ Մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվելու։ Մենք ստրկության մեջ ենք մեր կարծրատիպերի»,- ասել էր Շիրակի թեմի առաջնորդը։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադարձավ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարություններին՝ նշեց, որ ծանոթ է Սրբազանի խոսքին, և դրանում բավականին շատ ցավ ու դառնություն կար։ Նրա խոսքով՝ Աջապահյանը սուր գնահատականներ էր տվել, չնայած այդ ամենի հիմքում առկա է ճշմարտություն։

Հոգեբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ ազգի ինքնագնահատականը շատ է ցածրանում, դա կարող է շատ վատ զարգացումների հիմք դառնալ, քանի որ ցածր ինքնագնահատականով շտկումների, հաղթանակների, մեծ նպատակների հնարավոր չէ հասնել։ «Հայր Սուրբի ասածներում ճշմարտություն կար, բայց բոլոր դեպքերում մենք ունենք հիմք՝ բարձր ինքնագնահատական ունենալու համար։ Խոսքը վերաբերում է ոչ թե չափից դուրս արհեստականորեն բարձրացված, այլ ադեկտվատ ինքնագնահատականի մասին, որքանով այն օբյեկտիվ է։ Ժողովրդի ինքնագնահատականն արհեսականորեն ցածրացնելը, թեկուզ դառնությունից ելնելով, իր մեջ վտանգներ է պարունակում»,- կարծում է հոգեբանը։

Կարինե Նալչաջյանը նկատում է, որ հասարակություններն ինչ-որ իրադարձությունների ու հանգամանքների բերումով կարող են նեվրոտիզացվել, հիվանդանալ։ Նրա համոզմամբ՝ հայ հասարակությունը վերջին տարիներին իրեն պատուհասած փորձանքների, հարվածների հետևանքով՝ սկսած խաբված լինելու զգացողությունից, մինչև մարդկային ու հայենիքի կորուստները, շատ կոտրված է։ Նա նշեց, որ հասարակությունն անընդհատ վատ բանի է սպասում, ժողովրդի շրջանում տագնապ կա և զոհի հոգեբանություն։

«Այսինքն՝ ժողովուրդը համարում է, որ ոչինչ չի կարող անել։ Ի՞նչ անել․ այս հարցն է օդում կախված, և մարդիկ արդեն հասկանում են, ճնշող մեծամասնությունը զգում է, թե ինչ է կատարվել։ Մարդկանց մի մասը չի ցանկանում ընդունել, որ իրեն խաբել են, երևի հեշտ չէ խոստովանելը, որ մարդկանց 2 անգամ դաժանորեն խաբել են, հիմարացրել են։ Հիմա այդպիսի փաստն ընդունելը շատ դժվար է, և մարդիկ չեն ուզում այդ խաբկանքից դուրս գալ, մտածում են, որ հանգամանքներն են խանգարում, իրենք չեն սխալվել և այլն»,- ասաց նա։

Նալչաջյանը համոզմունք հայտնեց, որ այս իմաստով մարդկանց մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է կատարվում, ուստի հասարակությունը տագնապախռով վիճակում է։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ ի տարբերություն անձնական նեվռոզների և հոգեկան տարբեր տկարությունների, երբ անհրաժեշտ է տևական աշխատանք կատարել, հասարակությունների դեպքում գործն ավելի հեշտ է։

«Մեզ պարզապես ձեռք են առնում, ինչ-որ անարժան մարդիկ, էթնիկական մուտանտներ, ովքեր թշնամու հետ ձեռք ձեռքի բռնած մեր երկիրն ավերում են, հասարակությանը փորձում են ծաղրել։ Անընդհատ ինչ-որ մի թեմա կա, որով մարդկանց ոնց որ հիմարի տեղ դնեն։ Մարդիկ էլ այս ամենից հետո ոտքի չեն կանգնում, չեն բողոքում ու հենց սրանով էլ պայմանավորված է Սրբազանի դառնությունը։ Սակայն եթե փոքրիկ դրական տեղաշարժեր լինեն, հասարակությունը դուրս կգա Սրբազանի ասած հիվանդ վիճակից։ Հասարակության վերքերն ապաքինելն ավելի հեշտ է, քան անհատ մարդունը»,- նշեց նա։

Հոգեբանը կարծում է, որ հասարակության համար դրական ազդանշան կարող է լինել խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթացի մեկնարկը՝ չնայած այն բանին, որ դա կարող է շատ դժվար լինել և հաջողության չհասնել։ Ըստ նրա՝ մարդիկ եթե տեսնեն, որ ինչ-որ բան արվում է, այդ հիվանդ վիճակից դուրս կգան, ու նրանց մեջ պայքարի ոգին կարթնանա։

Նալչաջյանը նշեց, որ եթե առաջին շարքերում կանգնած քաղաքական ու ռազմաքաղաքական միավորները սկսեն տեղից շարժվել, գործնական ինչ-որ քայլեր ձեռնարկեն, ապա հասարակության վերաբերմունքը կփոխվի։ Նա այս համատեքստում կարևորեց, որ չլինեն պարզապես հանրահավաքներ, որոնցից մարդիկ հոգնել են. «Մենք ունենք գործիչներ, ովքեր այդ գործնական քայլերն առաջարկում են, սակայն եթե հենց սկզբից մտածենք, որ դրանից ոչինչ չի ստացվի, կամ առաջին շարքերում կանգնած գործիչները սկսեն իրար մեղադրել, ապա ոչինչ չի ստացվի։ Հասարակությունն իր հիվանդ, հոգեպես տապալված վիճակից դուրս կգա, եթե գտնվեն ուժեր, որոնք առաջնորդի դերն իրենց վրա կվերցնեն և համարձակ քայլերի կդիմեն։ Դրանք կարող են լինել անհատ մարդիկ, մարդկային խմբեր»։

Հոգեբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է չստացվի, սակայն ՔՊ-ի որջում նույնպես ամբիցիաների ու շահերի բախում կա։ Նա կարևորեց, որ ընդդիմությունը կարողանա այդ ամենից ճիշտ օգտվել։

Նալչաջյանը չի բացառում, որ անվստահության գործընթաց նախաձեռնելու դեպքում ժողովուրդն ինքնաբուխ կերպով կգնա ու կկանգնի խորհրդարանի առաջ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ըստ նրա՝ պրոցեսներն այսպես ես սկսվում, սակայն հիմա բոլորը տկար վիճակում են։

«Հասարակությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը մի տեսակ տկար վիճակում են, մենք ունենք ուժային կառույցներ, որոնք այսպիսի դեպքերում իրենց վրա հայրենիքի ճակատագրի համար պետք է պատասխանատվություն վերցնեն, բայց տեսնում ենք, որ այդ ամենը չկա։ Իսկ այս իրավիճակում միայն ժողովրդին մեղադրելը, ճիշտ չէ, չնայած այստեղ ճշմարտության բաղադրիչ էլ կա, սակայն ժողովրդին պետք է կազմակերպել»,- նշեց նա։

Հոգեբանը հայտնեց նաև, որ հայ ազգի վերաբերյալ շատ ավելի լավ կարծիք ունի, պարզապես մենք մեր դրական հատկանիշներից շատերը կորցրել ենք։ Նա նկատում է՝ ազգային բնավորությունը մի բան է, որը հեշտ չի փոխվում. «Մենք ունենք շատ դրական գծեր․ մեր պատմությանը նայենք, Սրբազանն ասում էր՝ ինչ ենք անընդհատ Տիգրան Մեծից խոսում, ես իհարկե իր դառնությունը հասկանում եմ, բայց նույն Տիրգան Մեծը, մեր մյուս արքաներն ու սպարապետները մեծ հերոսություններ են ցուցաբերել։ Նույնիսկ Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմը հայ ժողովրդի ինքնգնահատականը բարձրացնելու համար շատ հրաշալի դրվագներ ունի»։

Կարինե Նալչաջյանը հայ ժողովրդի ներկայիս տկարությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ վերջին տարիներին ժողովրդին պարբերաբար խաբում են, նրա հոգու ամենանուրբ լարերի ու արժանապատվության հետ են խաղացել ու խաղում։ Նրա համոզմամբ՝ եթե հոգեբանորեն ճիշտ արդարացված քայլեր ու մոտեցումներ լինեն, ժողովրդի մեջքն անմիջապես կշտկվի։

Հոգեբանը հավելեց, որ այդ քայլերը պետք է շատ զգույշ ձեռնարկել, որպեսզի մեր գնահատականը հանիրավի չիջնի, և որքան էլ դառնացած լինենք, չասենք, որ մենք վատն ենք։ Նա ասաց, որ թեև դրանք թուլության պահեր են, մենք պետք է կարողանանք տեսենք մեր թերացումները, բացթողումները՝ միևնույն ժամանակ ադեկվատ գնահատելով ինքներս մեզ։ «Իսկ մենք այդքան էլ վատը չենք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն