Նախորդ շաբաթ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի ձերբակալության վրա։ Հեղափոխական Հայաստանում, որտեղ, ըստ պաշտոնյաների, կոռուպցիան արմատախիլ է արված, սա «աննախադեպ» երևույթ էր։
Ձերբակալությունից հետո Սիմոնյանը թարմացրեց իր ֆեյսբուքյան ետանկարը՝ եղբոր և նրա ձերբակալված կնոջ հետ լուսանկար հրապարակելով։ Նման կերպ Ալեն Սիմոնյանն իր աջակցությունն էր հայտնում Անի Գևորգյանին և ակնարկում, որ նա մեղավոր չէ։

Ուշագրավ է, որ լուսանկարը հավանել են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Սա փաստացի ոչ այլ ինչ է, քան ճնշում դատական համակարգի նկատմամբ, քանի որ վերջիններս ի պաշտոնե պարտավոր են չեզոքություն պահպանել։


Հաշվի առնելով այն, որ Մինասյանի և Անդրեասյանի հավանումները գտնելու համար դատավորները ստիպված են լինելու որոշակի ժամանակ ծախսել, ինչպես նաև նրանց գործընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, կարծում ենք, որ ճիշտ կլիներ, եթե վերջիններս համատեղ ֆեյսբուքյան էջ ունենային և հենց այդ էջից էլ հավանեին լուսանկարը։
Համատեղ ֆեյսբուքյան էջը կարելի է անվանել Կարեն Գրիգոր Անդրեասյան Մինասյան. նման կերպ բավականին կհեշտանա հիշյալ պաշտոնյաների գործունեությանը հետևելը և գնահատական տալը։