Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական քաղաքականությունը,և չնայած հատկապես Արևմուտքի կողմից վերջին շրջանում իր նկատմամբ ակնհայտ ճնշումներին, Բաքուն պատեհ գեոպոլիտիկ իրավիճակով պայմանավորված, կարող է դիմել ռազմական գործողությունների, նման կարծիք է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել:
Իհարկե, մեր տարածաշրջանում խորացած լարվածություն է, ինչն իր ուղիղ ազդեցությունն է ունենալու նաև Հարավային Կովկասի, առավելապես՝ հայ-ադրբեջանական չավարտված հակամարտության վրա:
«Զանգեզուրի միջանցք», «անկլավների վերադարձ», ականապատ դաշտերի քարտեզների տրամադրում, ադրբեջանցի անհետ կորածների մասին տեղեկատվություն, ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ, ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանի տարբեր հատվածներում՝ ու տասնյակ՝ նման նվաստացուցիչ պահանջներով Բաքուն դոզան չի թուլացնելու, և ցավոք սրտի՝ հայաստանյան իշխանությունների կողմից այս պահանջների նկատմամբ գրեթե դիմադրություն չկա, իսկ դիմադրելու դեպքում էլ ադրբեջանական կողմը տարբեր գործիքակազմերով փորձում է ազդել իրավիճակի վրա:
«Լուծման» առաջնահերթ տարբերակներից մեկը լոկալ ռազմական գործողությունների դիմելն է: Չեմ կարծում, որ նախընտրական իրավիճակով է պայմանավորված Բաքվի կողմից նման վարքագիծը, դա իր կողմից տարվող մշտական ձեռագիրն է, պատեհ պահի իր ուզածին հասնելու համար», ամփոփել է Շիրազ Խաչատրյանը։