Սունդուկյանցիները ակադեմիականության թյուրըմբռնում ունեն. Տիգրան Մարտիրոսյան
copy image url

Սունդուկյանցիները ակադեմիականության թյուրըմբռնում ունեն. Տիգրան Մարտիրոսյան

Ներքին 1 տարի առաջ - 23:52 25-01-2024
1922 թվականի հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ Երևանում բացվեց մայր թատրոնը՝ որպես Առաջին պետական թատրոն:

Մայր թատրոնի առաջին ու հիմնական դերասանները Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների» թատրոնի դերասաններն էին, առաջին գեղարվեստական ղեկավարը՝ ռեժիսոր Լևոն Քալանթարը: Գաբրիել Սունդուկյանի անունն այն սկսել է կրել 1937 թվականից, իսկ ակադեմիականի կոչումը՝ 1960 թվականից: Թատրոնի պատմության մեջ նշանակալի են մի շարք ռեժիսորներ և դերասաններ՝ Վարդան Աճեմյան, Լևոն Քալանթար, Խորեն Աբրահամյան, Վահե Շահվերդյան, Հրաչյա Ղափլանյան, Հովհաննես Աբելյան, Ավետ Ավետիսյան, Ազատ Գասպարյան, Ֆրունզե Դովլաթյան,Էդգար Էլբակյան, Արմեն Խոստիկյան, Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, Սոս Սարգսյան, Գալյա Նովենց, Մետաքսյա Սիմոնյան: Այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:

Մայր թատրոնի ստեղծման ժամանակահատվածում նրա ունեցած նշանակության, արտիստների ազատ խոսքի և ազատ արտահայտման, այսօր թերություն ներկայացնող հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է թատերագետ-հրապարակախոս, «Թատերակետեր» կայքի խմբագիր, ՀԹԳՄ թատերագիտության գծով քարտուղար Տիգրան Մարտիրոսյանի հետ:

- Տիգրան, խոսենք Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի կարևորության և հանրային-հասարակական, մշակութային կյանքում ստեղծման ժամանակահատվածում կարևորության մասին:

-Իհարկե, ազդեցությունը խիստ դրական է եղել: Յուրաքանչյուր երկրում պետական թատրոնի ստեղծումը, հատկապես, որ առաջինն է, քաղաքակրթական, կրթական և մշակութային ցենզի, կենսամշակույթի բարձրացման առումով դրական քայլ է: Ինչպես մեր ավագ սերնդի թատերագետներից Հենրիկ Հովհաննիսյանն է վկայակոչում, թատրոնն ազգի բարոմետրն է: Այսինքն՝ եթե նման մակարդակի վրա է թատրոնի զարգացման խնդիրը դրվում պետության կողմից, ուրեմն դա դրական քայլ է երկրի, հասարակության զարգացման համար, որ տգետ հասարակություն չունենաս:

- Այսօր Սունդուկյանի թատրոնն անո՞ւմ է այն, ինչ իրականում պիտի անի՝ որպես առաջին պետական ազգային-ակադեմիական թատրոն: Ձեր գնահատականը այսօրվա թատրոնի մասին:

- Եթե ստուգաբանենք՝ ակադեմիականը՝ օրինակելին, չափանիշայինն է իր գործի մեջ: Սովորական թատերասերի ընկալունակության կամ աշխարհազգացողության օրինակով լրացնեմ ասածս. թատերական արտադրանքի չափանիշային որակն այն է, որ որևէ ներկայացում մի քանի անգամ էլ ես ուզում գնալ, դիտել որոշ ժամանակ հետո: Այդ տեսանկյունից հիշելի են Տիգրան Ներսիսյանի վերջին դերակատարումը, որը բավական մանրամասնորեն էր արված, Լուսինե Կոստանյանի, Արմեն Մարությանի կամ Ալբերտ Սաֆարյանի որոշ դերակատարումներ: Ցավոք, դրանք այնքան սակավ են, որ այս պահին դժվարությամբ եմ մտաբերում: Սա խոսում է այն մասին, որ Ձեր հարցը տեղին է. թերակատարում է այն, ինչի առաքելությունն ունի: Թե իրենք ինչպես կփաթեթավորեն, կամ կներկայացնեն իրենց գործունեությունը, իրենց խնդիրն է: Թատրոնը հաստիքային մոտ 60 դերասան ունի (հստակ թիվը չեմ կարող մտաբերել), բայց տոկոսային հարաբերությամբ դիտարկելու դեպքում կարող եմ ասել, որ երկար ժամանակ հիշվող դերակատարումների թվային պատկերը հուսադրող չէ: Շատ վատ է, որ էմոցիոնալ հիշողությանդ մեջ վառ արտահայտված է այդքան դերակատարում: Ստացվում է, որ տվյալ թատրոնը չունի այն թափը, ինչը ենթադրվում է՝ պիտի ունենա իր կոչումի ու առաքելության պարագայում:

- Թատերախմբում քիչ չեն նաև վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում ունեցողները: Նրանք խոսո՞ւմ են հասարակական լայն հնչեղություն ձեռք բերած թեմաների մասին, թե՞ լուռ են: Օգտագործո՞ւմ են իրենց կոչում շնորհած հանդիսատեսի լսարանը: Ինչո՞ւ հրապարակավ չեն խոսում Սունդուկյան-Գոյ խնդրի մասին:

- Յուրաքանչյուր թատերասերի, առավել ևս՝ թատրոնի մարդու համար ցավալի է, որ պիտի թատրոն փակվի: Դրանում կասկած չի կարող լինել: Պարզապես ըստ իս՝ երկու կողմից էլ ի սկզբանե մոտեցումները այնքան էլ ճիշտ չեն, նրբանկատ չեն: Սունդուկյանի թատրոնը, հավանաբար, համարում է, որ իր տարածքները «վերականգնելուց» հետո հաջողության աստղը աննախադեպ, անկասելի կերպով կփայլի: Միավոր փակելու համար ավելի քան լուրջ պատճառաբանություններ պետք է ունենաս բոլոր առումներով. անգամ դերասանական խմբի առումով տասնամյակներ ի վեր ձախողված կառույց պիտի լինի: Այդպես չենք կարող ասել «Գոյ»-ի մասին, որովհետև այնտեղ՝ կորիզում, առնվազն 4-5 դերասաններ կան, որ մեր շատ թատրոնների առաջատարներից կլինեն, իսկ նրանց դերակատարումները՝ առանձնահատուկ ու ուշագրավ: Այդ թատերախմբի արժեհամակարգային նկարագիրն ու Վարդան Մկրտչյանի բարոյահոգեբանական մոտեցումները անհամադրելի են: Թատերախումբն ասում է՝ չի իջնի, չի աշխատի, որովհետև վստահ է՝ վաղ թե ուշ՝ կռիվ է լինելու. աշխատելակերպը, պատկերացումները կոնֆլիկտայնության աստիճան տարբեր են: Թեպետ հիացած չեմ Վարդան Մկրտչյանի անձով, սակայն վերջերս հարցազրույց էր տվել՝ նշելով, թե «Գոյ» թատրոնին ինչ է անհրաժեշտ, ինչի առումով համաձայն եմ իր նշած որոշ կետերի հետ: Այո, «Գոյ»-ը պետք է իր կառավարման ձևը վերանայի և փոխի, բայց ոչ թե փակվի: 21-րդ դարում այդքան էլ ճիշտ չէ երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել ու ասել, որ մեր տնօրենը մեր մարդը պիտի լինի, որովհետև մենք ամեն մեկի հետ չենք կարող աշխատել: Մենք, իհարկե, կուզենանք, որ իրենք միջազգային հաջողություններ ունենան, ինչպես՝ Համազգային թատրոնը, Ստանիսլավսկու թատրոնը, կարծում եմ՝ շուտով նաև Աշտարակի թատրոնը: Կոնֆլիկտային այս կաթսայում ատելությունը, ինչ խոսք, կուտակվում է՝ վիրավորանքներով իրար վնասելով, մեղադրելով ու թշնամանալով: Ինչ վերաբերում է բազմաչարչար կոչումներին, ասեմ, որ խնդիրը ավելի շատ հետևանքային է: Կոչումները վերջին տասնամյակների ընթացքում այնպես չեն արժեզրկվել, որ նման կնճռոտ հարցերում վճռորոշ կշիռ ունենան: Արմենչիկի վաստակավոր արտիստ և Տարոն Մարգարյանի՝ գիտնական դառնալուց հետո ինքս ծալել եմ իմ բոլոր կոնսպեկտները և փակել եմ թեկնածուական պաշտպանելու թեման: Մարդը պիտի կոչումը զարդարի, ոչ թե կոչումը՝ մարդուն: Սունդուկյանում կոչումի արժանացած մարդիկ կան, որ գրեթե պարապ են. ամիսներով չեն խաղում, վաստակավորներ կան, որ ակնկալում էին ժողովրդական ստանալ: Ժողովրդական արտիստ է ինձ համար Կարպ Խաչվանքյանը, Մհեր Մկրտչյանը, որոնք նույնիսկ այլազգի հանդիսատեսի հետ էմոցիայի համամարդկային լեզվով էին հարաբերվում: Իսկ թե ինչու Սունդուկյանի կոչումավորները չեն խոսում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Արթուր Սահակյանն էլ էր ասել, որ կանչում, վախեցնում են: Սրանք այն տգեղ պրոցեսներն են, որ պիտի չլինեն ու տեղի են ունենում: Եթե արվեստագետը ազատ խոսքի պատճառով կկանգնի օրվա հացի խնդրի կամ արտագաղթելու առաջ, չեմ արդարացնում նրանց լռությունը, ոչ էլ ինձ բարոյական իրավունք եմ վերապահում մեղադրելու: Ամեն դեպքում պետք է գլխացավը գլխատումով չբուժել:

-Ի՞նչն է այսօր պակասում ազգային-ակադեմիական թատրոնին:

-Խնդիրը վարպետության դասերի մասնակցության, այլ թատրոններում ներկայացումներ դիտելու, միջազգային փառատոներին հետևելու, կոնցեպտուալ արվեստի որոշ ճյուղերի գոնե նախնական փորձառության բացակայության մեջ է: Երևի իրենք ակադեմիականության թյուրըմբռնում ունեն և կարծում են, որ իրենք կատարելագործվելու կարիքը չունեն: Թերևս այս մտայնությամբ կպայմանավորեի Սունդուկյան թատրոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մայր թատրոնից ոչ մի անվանակարգում չառաջադրվելը: Այդ մասին ես Սուսաննա Բրիկյանի հետ հրապարակախոսություն եմ համահեղինակել անգամ: Իրենց պահվածքն անընդունելի է: Տպավորությունն այնպիսին է, որ ինքնագնահատականի ավելցուկ ունեն, այսինքն իրենք ակադեմիական են, իրենց հատուկ վերաբերմունք է պետք, իրենք պիտի որոշեն՝ երբ են ուզում մրցանակ ստանալ:

-Ի՞նչ կուզեիք տեսնել ակադեմիական թատրոնի բեմին:

-Բոլոր թատրոններից եմ ակնկալում հետպատերազմյան Հայաստանում «բրեխտյան ապտակ» հասցնող ներկայացում պատերազմին առնչվող թեմայով, որ կմեկնաբանի հասարակության ապատիան, անորոշ ու անտարբեր վիճակը: Կոնկրետ ռեալիստական պիեսի հիման վրա արված ներկայացում պետք է լինի:

Վահան Վխկրյան