Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար:
Որոշումը նպատակաուղղված է պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչը առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար:
Քաղաքաշիության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման դեպքում նախատեսել առանձնահատկություն՝ մասնակցի գնային առաջարկը նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոսից բարձր լինելու դեպքում մրցույթում հաղթող ճանաչելու համար: «Նշված կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական շուկայում ստեղծված բարձր մրցակցային իրավիճակով, երբ նկատում ենք մասնավոր շինարարության շատ նկատելի աճ, ինչն իր հերթին առաջացնում է շինարարական աշխատանքների հետ կապված ռեսուրսների և՛ սահմանափակումներ և՛ ռիսկեր: Այս պայմաններում, որպես շուկայի մասնակից և պատվիրատու, սույն փոփոխությամբ առաջարկում ենք ձևավորել մրցակցային ճկունություն և պետական ծրագրերի նկատմամբ պահպանել անհրաժեշտ գրավչություն»,- նշեց նա:
Որպես իրավիճակի տեղեկանք՝ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց մի քանի թիվ:
«Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի տարածքային զարգացման հիմնադրամի նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպված 82 մրցութային կողմնորոշիչ գների սահմաններում հաղթող կարող են ճանաչվել միայն 27 մրցույթի դեպքում, հայտ չենք ունեցել 27 մրցույթի դեպքում, իսկ 34 մրցույթի դեպքում ստացվել են նախահաշվային գնից էապես բարձր առաջարկներ»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց՝ մի ժամանակ թվացել է, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող լինի՝ բոլոր հարցերը կլուծվեն։ «Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք»։
Նա նշեց, թե պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որ ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։
«Բայց, ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց ինչպես ասում են ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով։ Ըստ էության, մենք պետք է արձանագրենք հետևյալը. որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի եղել․․․ Պետք է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղը, որտեղ ուզում ենք: Ամենակարևորը չհուսահատվելն է, չհանձնվելն է: Ես ողջունում եմ, որ նախորդիվ փոխվարչապետը մի առիթով ասաց, որ սա ոչ թե 300 դպրոցի ծրագիր է, այլ սա առաջին 300 դպրոցի ծրագիրն է: Մենք մեր բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ կարևոր է սովորելը․ «Մենք պետք է արձանագրենք, որ մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պետք է սովորենք առողջապահական հիմնարկ կառուցել, պետք է սովորենք ճանապարհ կառուցել․․․ Այո, կառուցել չգիտենք, չգիտեմ նախկինում ինչքան լավ, ինչքան շատ ենք իմացել, փաստն էն ա, որ չգիտենք։ Էն ժամանակ մեզ թվում էր՝ փողը լինի, մնացած բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի։ Մենք հիմա փողն ունենք, չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց, առողջապահական հիմնարկ, ճանապարհ կառուցել»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նկատեց. «Պարո՛ն վարչապետ, իսկ ո՞ւմից սովորենք. լավ հարց է, չէ՞: Իմ կարծիքով՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից: Երբ քննարկում ենք՝ մեր շինարարներն ումի՞ց սվորեն, պետք է սովորեն էն մրցակիցներից, ովքեր իրենցից ավելի գրագետ են, ուժեղ են, աշխատում են բարդ շուկաներում»: