Էս շենքը միշտ էլ անտեսված է եղել, բայց ընտրությունների վախտ լավ էլ կհիշեն. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:39 22-01-2024
Գյումրիի վթարային ու խիստ վթարային շենքերի շարքում Անտառավան 26-ը համարվում է ամենավտանգավորը, այսինքն՝ բնակվելն այստեղ անթույլատրելի է, 60 բնակարանանոց շենքում 9 ընտանիք է մնացել, նրանք, որոնք ավեի քան 30 տարի շենքը փորձել են պահել, սպասել ամրացման ծրագրերի։

Ջուրը դրսից է, տները՝ առանց կոյուղատար ցանցի։ Դեռ անցած տարվա մարտ ամսից խոսվում էր, որ մինչև տարեվերջ խիստ վթարայիններից Անտառավան 26-ի և Տիգրան Մեծի 5 -ի ապրողների բնակապահովման խնդիրները կլուծվեն։ Հարցը Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել էր գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Հարցը օրակարգ նետվելուց հետո մի քանի պրոտոկոլային այցեր իհարկե եղան, բայց խոշոր հաշվով որքան աղմուկը արագ տարածվեց, նույնքան արագ էլ մարեց։ Ըստ էության՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Բնակարանների գնման վկայագրեր էին տրամադրվելու Անտառավան 26-ի 9 ընտանիքներին, իսկ Տիգրան Մեծի 5 վթարային շենքի համար ամրացման-վերականգման որոշում է կայացվել։

Oragir.News-ին Շիրակի մարզպետի աշխատակազմից հստակ ժամկետներ չնշեցին, փոխարենը ասում են, որ իրենք իրենցից կախվածը անում են, իսկ մնացածը կառավարության որոշելիքն է։

Oragir.News-ի լրագրողը եղել է Անտառավան 26 շենքում, զրուցել բնակիչների հետ։

Շենքի բնակիչներն ասում են՝ ըստեղ մեր երեխեքը մեծացան, հիմա իրենց երեխեքն են մեծանում, բայց դեռ խնդիրներին լուծում չի տրվել։ Փոխարենը անցնող 30 տարիներին եւ դրանից հետո խոստումների պակաս չեն ունեցել։

Վթարային շենքի բնակիչներից մեկն ասում է՝ էս շենքը միշտ էլ անտեսված է եղել, բայց ընտրությունների վախտ լավ էլ կհիշեն։

Մանրամասները`տեսանյութում։