Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն, և այս հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված Սահմանադրություն, որը չպետք է կասկածի տեղիք տա, սա նաև լեգիտիմության հետ կապված կարևոր շեշտադրում է»,- ասել էր նա։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներկայումս անհրաժեշտ է այնպիսի սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը, հաշվի առնելով ժողովրդավարական ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար, և որ այս հարցում ինքն իր դիրքորոշումը չի փոխել։
Oragir.News-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծեց, որ անգամ թղթին հանձնված ամենաիդեալական նորմատիվ կարգավորումների պարագայում պետության գոծունեության ապահովման, պետության և պետաիրավական համակարգի տեսանկյունից ամենակարևորը պրակտիկ կյանքում այդ նորմերի կիրառության ապահովումն է։
Սահմանադրագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե հետահայաց կերպով նայենք Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 6 տարիներին, ապա, իր գնահատմամբ, բազմիցս ոտնահարվել են Սահմանադրության հենասյունային համարվող սկզբունքներն ու նորմերը։ Նա այս համատեքստում հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարաններն են շրջափակվել, ինչով իշխանությունների տարանջատման ու զսպման հակակշռի հիմնարար սկզբունքն է ոտնահարվել, որը համարվում է իրավական պետության հենասյուներից մեկն է։
Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև, որ ավելի վաղ վարչապետի կոչով Ազգային ժողովն էր շրջափակվել։ Նրա խոսքով՝ մի շարք դեպքեր ենք ունեցել, երբ իրավապահ մարմինների վարույթի կամ իրավասության ներքո գտնվող տարբեր գործերի վերաբերյալ անձամբ վարչապետը քաղաքական գնահատական է հնչեցրել՝ այդպես ուղղակի միջամտություն ցուցաբերելով և ցույց տալով, որ, ըստ էության, իրեն հասու են ցանկացած նյութ անգամ այն դեպքում, երբ ինքը նախաքննության վարույթի վերաբերյալ պետք է որևէ տեղեկություն չունենար և այլն։
«Այսպիսի օրինակները բազմաթիվ են, սակայն, եթե անգամ շրջանցենք ստեղծված իրավիճակը, լրջագույն անվտանգային խնդիրները, տարբեր բնագաավառներում առկա ճգնաժամային իրավիճակները, որպես սահմանադրագետ, իրավաբան և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ գնահատմամբ, միանշանակ պայմանավորված չեն սահմանադրական լուծումներով։ Բացի այդ, վերացական են հնչեցվում այն զարգացումները, որոնց հղում է կատարվում՝ իբրև թե այդ սահմանադրական բարեփոխումների համար հիմք ընդունելով։ Մենք դեռևս վարչապետի կողմից որևէ հստակ փոփոխության հղում չենք տեսել»,- կարծում է նա։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների համատեքստում մարդկանց նախևառաջ հետաքրքրում է պետության կառավարման մոդելի փոփոխության կամ պահպանման հարցը, Գոհար Մելոյանը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներկայիս իշխանության կողմից, որն այն ժամանակ ընդդիմություն էր, առաջինը հանրության հետաքրքրության առարկան դարձրել են պետության կառավարման ձևի և ընտրական համակարգի փոփոխություններն ու ընտրությունը։ «Քանի որ հենց դրանցով է պետության ու հասարակության շրջանում պայմանավորվում կյանքի որակն ու կառուցվածքային առումով իրավահարաբերությունների հետագա ձևավորումն ու զարգացումը, բնական է, որ առաջին հերթին հենց այդ հարցերն են ուշադրության կենտրոնում գտնվելու։ Սակայն նույն ելույթից հասկացա, որ իրենց համար ընդունված կառավարման խորհրդարանական ձևը ընդունելի է, և քաղաքական որոշում ու կամք չկա՝ այն փոփոխելու համար։
Ուստի ակնհայտ է, որ այդպիսի գլոբալ էվոլյուցիոն փոփոխությունը, որի հենասյունը, կմախքը, ողնաշարը պետության ձևից է գալիս և իրենում երեք տարր է ենթադրում՝ կառավարման ձև, պետական ռեժիմ ու պետության կառուցվածք, ըստ էության, չեն պատրաստվում փոփոխության ենթարկել։ Այս դեպքում հարց է առաջանում, թե որոնք են այդ էվոլյուցիոն զարգացումներն ու օրակարգային փոփոխությունները, որոնք անհրաժեշտություն են դարձում ոչ թե սահմանադրական փոփոխություններն, այլ նոր Սահմանադրության ընդունումը»,- նշեց նա։
Հարցին, թե իշխանությունները ներկայումս Սահմանադրության ո՞ր դրույթներն են ցանկանում փոխել, որոնք, իրենց խոսքով, հակասում են պետությունը ավելի մրցունակ դարձնելուն, սահմանադրագետը պատասխանեց, որ իր գնահատմամբ սահմանադրական բարեփոխումների իրականացումը փոքր-ինչ արհեստական օրակարգ է եղել, որովհետև մի օրինակ արդեն ունենք, երբ նախապատերազմական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծվել, որը հետագայում կազմալուծվեց, այնուհետև նոր հանձնաժողով ձևավորվեց։ Նրա խոսքով՝ այս երկու հանձնաժողովների համատեքստում հանրամատչելի, էական դիսկուրս չի ծավալվել։ «Երբ Սահմանադրական դատարանի շուրջ հետապնդումների գործընթացն էր ծավալվում, քննարկվում էր Գերագույն դատարանի ստեղծումն ու դատական համակարգի աստիճանակարգության որոշակի փոփոխությունը։ Դրանից բացի ես չեմ կարող մտաբերել հանրամատչելի դարձած կոնկրետ օրինակ, որը մենք մասնագիական տեսանկյունից կարող ենք քննարկել»,- ասաց նա։
Գոհար Մելոյանը հավելեց, որ ներկայումս մեր երկրում ստեղծված անվտանգային մարտահրավերների պարագայում նոր Սահմանադրության ընդունման շուրջ քննարկումներն արհեստական օրակարգ են՝ հանրության ուշադրությունը առօրեական խնդիրներից շեղելու համար։
Դավիթ Գույումջյան