Օրերս Արցախի պետական ջազ նվագախումբը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ ասվում էր.
«Սիրելի՛ հետևորդներ,
Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն այն մասին, թե իբրև Արցախի պետական ջազ նվագախումբն ունի նոր փորձատեղի Քանաքեռ վարչական շրջանում, և որ «երաժիշտները պատրաստում են համերգային ծրագիր»։
Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական ջազ նվագախումբը 2021 թ-ից ղեկավարում է երևանաբնակ շեփորահար Տիգրան Սուչյանը, և նվագախումբը ներկայիս կազմով իր գործունեությունը չի դադարեցրել նույնիսկ Արցախի շրջափակման ամիսներին։
2023-ի արցախյան ցավալի իրադարձություններից հետո էլ առանց դադարի այն շարունակել է գործել արդեն Երևանում՝ տասնյակ համերգներով հանդես գալով տարբեր երաժշտական ակումբներում և երևանյան բեմերում։ Այս փաստի հավաստումն է նաև 2023 թ․ դեկտեմբերի 10-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած Արցախի երաժշտական համույթների համատեղ համերգը, որում Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես եկավ այն կազմով, որով գործել է մինչև Արցախի շրջափակումն ու ամբողջական հայաթափումը և դրանից հետո։
Հետևաբար համացանցում տարածվող ապատեղեկատվությունը համարում ենք Արցախի պետական ջազ նվագախմբի գործող կազմի և նրա գործունեության հանդեպ անարգանք, անազնիվ և վարկաբեկող քայլ։
Բոլոր այն քաղաքացիներին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր տարածում են վերևում նշված խեղաթյուրող տեղեկատվությունը, հորդորում ենք դադարեցնել մոլորեցնել հանրությանը։
Արցախի պետական ջազ նվագախումբը մեկն է, և նրա մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական հարթակների՝ նվագախմբի պաշտոնական էջերում»:
Ինչպես պարզ է դառնում հայտարարությանը կից տեղադրված հղումներից, «վերակազմավորված» ջազ նվագախմբի ղեկավարը կառույցի 2005-2021 թվականների տնօրեն, դաշնակահար Տիգրան Լալայանն է, որ գրառմանը կից գրել է.
«Արցախի ջազ նվագախումբ has already started»:
Իրողության շուրջ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց Արցախի պետական ջազ նվագախմբի տնօրեն, շեփորահար Տիգրան Սուչյանի հետ, որն էլ նշեց, որ արդեն երեք տարի է՝ նվագախմբի տնօրենն է:
«2021 թվականին՝ նախորդ ղեկավարին ինչ-ինչ պատճառներով պաշտոնից հեռացնելուց հետո, Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակվել եմ տնօրեն:
Արցախի պետական ջազ նվագախմբի ամբողջական կազմով բազմիցս համերգներով հանդես ենք եկել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, և այն հիմա էլ գործում է հենց պետական անվան ներքո:

Սակայն որոշ մարդիկ, այդ թվում՝ ՀՀ պետական պաշտոնյաներ, սոցիալական ցանցերի իրենց էջերում հայտարարում են՝ իբրև նվագախումբը վերականգնվել է և պիտի շարունակի իր աշխատանքը:
Եվ այդ ամենն անում են լրիվ ուրիշ մարդկանց հետ, որոնք ներկայիս դրությամբ ոչ մի կապ չունեն մեր նվագախմբի հետ»:

Սուչյանի խոսքով՝ ինքը աչք չի կարող փակել այն բանի վրա, որ փորձ է արվում նվագախմբի շարունակական գործունեությունն արհամարհել կամ վարկաբեկել.
«Ես՝ որպես երաժիշտ, խրախուսում եմ ցանկացած նոր երաժշտական խմբի կամ նախագծի կազմավորում, սակայն աչք չեմ կարող փակել այն բանի վրա, որ փորձ է արվում Արցախի պետական ջազ նվագախմբի շարունակական գործունեությունն արհամարհել կամ վարկաբեկել․ Արցախի պետական ջազ նվագախումբը մեկն է, և մենք այդ նվագախումբն ենք։
Որպես ղեկավար՝ արդեն երեք տարի է՝ ստանձնել եմ այդ պաշտոնը և հայտարարում եմ, որ մեզ մոտ ամեն բան կարգին է, և մենք դատապարտում ենք մարդկանց մոլորության մեջ գցելու բոլոր փորձերը և աջակցությունը պետական պաշտոնյաների կողմից»:

Հավելենք, որ Արցախում ջազային նվագախումբը վերակազմավորվել է 2003 թվականին, երբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանն առաջարկել է շեփորահար, գործիքավորող Դավիթ Ասցատուրյանին` ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծել ջազային նվագախումբ։ Ասցատուրյանն այս միտքն առաջարկել է դաշնակահար Տիգրան Լալայանին` համատեղ ուժերով կազմավորելու նվագախումբը, որն ի վերջո հիմնադրվել է տարբեր երաժիշտների և ոչ երաժիշտների աջակցությամբ։
Հետագայում` արդեն 2005 թվականին, նվագախումբն ստացել է պետական կարգավիճակ` որպես «Արցախի պետական ջազ նվագախումբ», որի տնօրենն այն ժամանակ նշանակվել է դաշնակահար Տիգրան Լալայանը։ Նրա ղեկավարմամբ նվագախումբը գործունեություն է ծավալել մինչև 2021 թվականը։ Սակայն 2021 թվականից ի վեր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից նվագախմբի տնօրեն է նշանակվել շեփորահար Տիգրան Սուչյանը, ով մինչ օրս հանդիսանում է նվագախմբի միակ ղեկավարը։