Անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական խմբեր, որոնք կայցելեն զորամասեր․ փաստաբան
copy image url

Անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական խմբեր, որոնք կայցելեն զորամասեր․ փաստաբան

Ներքին 1 տարի առաջ - 15:20 10-01-2024
Երեկ ՀՀ զինված ուժերում միանգամից սպանության 2 դեպք գրանցվեց։ Բանակում տիրող բարքերի, արձանագրված մահերի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է զինվորական քրգործերի ուսումնասիրությամբ։

«Ըստ էության` ամենաթողության արդյունքում ունենք ցավալի իրականություն։ Բանակում արձանագրված մահերն ուղղակիորեն կապ ունեն իրավապահ համակարգում առկա խնդիրների հետ։ Մասնավորապես մեր իրականությունում մենք չունենք այնպիսի իրավապահ համակարգ, այնպիսի արդյունավետ աշխատանք, որի հետևանքը պիտի լիներ կարգուկանոնի հաստատումը, այդ թվում` բանակում։

Անպատժելիության արդյունքում շատերը կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրվում է այնպես, ինչպես իրենց տանը, դպրոցում, փողոցում և այլն։ Եվ դա չի վերահսկվում ինչպես հարկն է։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, զբաղվելով զինվորական տարբեր բնույթի իրավախախտումների ուսումնասիրությամբ և հնարավոր լուծումներ գտնելու աշխատանքով, նկատում եմ, որ ամեն անգամ նույն խնդրին եմ բախվում. քննչական մարմինների կամայական գործունեության հետ։

Ներկայումս կան քրեական գործեր, որոնք ուղարկվել են դատարան սխալ քննությամբ, ինչը շարունակվում է դատարաններում։ Դժվար է, բայց ի վերջո, պետք է գիտակցել, որ երբ անգամ 1 գործ սխալ է արվում, դա հիմք է դնում հաջորդ մահվան ելքի։ Միակ պատճառը անպատժելիության մթնոլորտն է։ Խստությունն է պակասում»,- ասաց փաստաբանը։

Հայարփի Սարգսյանն ասում է, որ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է բանակում տիրող բարքերի մասին, առաջարկել մեխանիզմներ, թե ինչպես կարելի է բանակից արմատախիլ անել ոչ կանոնադրային հարաբերությունները։

«Բազմիցս մամուլի ասուլիսների, տարբեր քննարկումների ժամանակ խոսել եմ այդ մասին, անգամ պաշտոնապես գրավոր առաջարկներ ներկայացրել, սակայն դեռևս որևէ քայլ չեմ տեսել։ Պետք է դուրս գալ այլևս տվյալ ժամանակին չհամապատասխանող ստանդարտացված մոտեցումներից, փոխել ներքին կանոնակարգը, օրենսդրական համապատասխան փոփոխություններ իրականացնել։ Սակայն դրանով նաև չի կարելի սահմանափակվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունում անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական խմբեր, որոնք կայցելեն զորամասեր, պարբերաբար մշտադիտարկման վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն պաշտպանության նախարարությանը։ Քննարկումները չպիտի կրեն ձևական բնույթ։ Բազմաթիվ քայլեր կարելի է ձեռնարկել, որոնցից շատերը չէի ցանկանա հրապարակել` հաշվի առնելով պետական շահերը և դրանից բխող գաղտնիությունը»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք որ երեկ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքից ժամեր անց` 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ամենից շատ դիտված