ԵՊՀ ավտոկայանատեղիի խայտառակ գործարքը․ ուսանողներն ամսական 3.250.000 են վճարում ԴԱՀԿ ունեցող ՍՊԸ-ին
copy image url

ԵՊՀ ավտոկայանատեղիի խայտառակ գործարքը․ ուսանողներն ամսական 3.250.000 են վճարում ԴԱՀԿ ունեցող ՍՊԸ-ին

Ներքին 1 տարի առաջ - 21:46 20-12-2023
Հոկտեմբերից համացանցում լուրեր էին տարածվում, որ ԵՊՀ ավտոկայանատեղին դարձել է վճարովի։ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հետաքրրքվելով, թե մրցույթ երբ է հայտարարվել, ինչպես է որոշվել հաղթող ընկերությունը, ամսական ինչքան գումար է ստանում ԵՊՀ-ն այդ գործարքից։

Մեր հարցմանն ի պատասխան Հովհաննես Հովհաննիսյանը նշել էր, որ մրցույթը հայտարարվել է 2023 թվականի օգոստոսի 8-ին։

«Հաղթող ընկերությունը որոշվել է մրցութային կարգով («armeps.am» հարթակի միջոցով)՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաղթող ընկերությունը ԵՊՀ-ին գումար չի տալիս․ ավտոկայանատեղիի ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարը մուտքագրվում է միանգամից ԵՊՀ հաշվին։ Ամսական հստակ գումարի չափ ֆիքսված չէ»,- նշված է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գրած պատասխան նամակում։



Մեզ համար զարմանալի էր, թե ինչու ընկերության անունը կամ այլ մանրամասներ նշված չեն նամակում։

Պարզվեց, որ Սահմանադրության խախտմամբ ԵՊՀ ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը թաքցնելու բաներ ունի։

Oragir.News-ը նախ պարզեց, որ Երևանի պետական համալսարանը մրցույթ է հայտարարել ոչ թե վճարովի ավտոկայանատեղի ստեղծելու համար, այլ կոնկրետ «Լաքիփարքինգ», ինչը մրցույթում հաղթած ընկերության՝ «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ի ստեղծած համակարգն է, իսկ դա նշանակում է, որ ի սկզբանե ԵՊՀ ղեկավարությունը որոշած է եղել, թե որ ընկերությունը պետք է հաղթի։ ԵՊՀ-ն գնել է բոլոր սարքավորումները և հայտարարել է մրցույթ սպասարկման համար։ Երկու ավտոմատ ավտոկայանատեղիների սպասարկումը ԵՊՀ-ն գնահատել է ամսական 3.500.000 դրամ։ Հատկանշական է, որ այս գումարի չափը որոշվել է կամայականորեն․ փաստաթղթերում չկա ոչ մի նախահաշվարկ։



Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն՝ «Փուշընդփուլ» ՍՊԸ-ն և «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ն։ Սկզբում ԵՊՀ գնահատող 5-հոգանոց խորհուրդը ընտրել է «Փուշընդփուլ» ՍՊԸ-ին, քանի որ վերջինս զգալիորեն ցածր գին է առաջարկել, սակայն կարճ ժամանակ անց նույն խորհուրդը, որի ղեկավարի ազգանունը համընկնում է «Լաքիտերմինալ» ՍՊԸ տնօրենի ու մասնակիցների ազգանվան հետ՝ Կարախանյան, ընտրել է հենց «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ին՝ հիմնավորելով այդ որոշումը նրանով, որ «Փուշընդփուլ» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթում չկան փաստաթղթեր, որ նա տիրապետում է «Լաքիփարքինգ» համակարգին։





Ուշագրավ է, սակայն, որ մրցույթի անցկացման ժամանակվանից մինչև ներկա պահը ԴԱՀԿ-ն արգելանք է դրել ոչ միայն «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ի, այլև նրա երկու սեփականատերերի հաշիվների վրա․ պետությունը մի քանի վարույթներով պահանջում է նշված ընկերությունից բռնագանձել միլիոնավոր դրամներ։



Ինչպես արդեն նշել էինք, ԵՊՀ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ընկերությունը ամսական որքա՞ն գումար է վճարում ԵՊՀ-ին և ստացել էինք պատասխան, որ այդ ընկերությունը ԵՊՀ-ին գումար չի տալիս․ ավտոկայանատեղիի ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարը մուտքագրվում է միանգամից ԵՊՀ հաշվին։ Ամսական հստակ գումարի չափ ֆիքսված չէ։



ԵՊՀ-ից փաստացի չեն հայտնել, որ դեռ մի բան էլ իրենք են վճարում նշված ընկերությանը իրենց տարածքում բիզնես գործունեություն իրականացնելու համար։ Մրցույթին մասնակցած ընկերություններից «Փուշընդփուլ» ՍՊԸ-ն, ԵՊՀ տարածքում ծառայություն իրականացնելու համար առաջարկել է ամսական 2․835․000 (երկու միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար) դրամ։ «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ն էլ ամսական առաջարկել է 3․250․000 (երեք միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ, մյուս ընկերությունից 415․000 դրամով ավելի, սակայն ԵՊՀ գնահատող խորհուրդը հենց նրան է ընտրել։



Ակնհայտ է, որ ԵՊՀ-ում չի կայանվելու այնքան ավտոմեքենա, որ «Լաքիտերմինալ» ՍՊԸ-ին տրվող գումարը փոխհատուցվի։ Փաստացի, մայր բուհը, իսկ ավելի ճիշտ՝ այնտեղ սովորող ուսանողները ամսական 3.250.000 դրամ են վճարում մի ՍՊԸ-ի, որն ամիսներ շարունակ չի կարողանում պարտքերը վճարել, որ ԴԱՀԿ-ն հաշիվների վրայից կալանքը հանի։

Ամենից շատ դիտված