76 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդ, հայկական ֆուտբոլի պատմության ամենաանվանի անձանցից մեկը՝ Նիկոլայ Ղազարյանը։
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նրա ավանդը շատ մեծ է։ 1965 թվականից նա պաշտպանել է երևանյան ակումբի գույները՝ լինելով ամենահավատարիմներից մեկը՝ խաղալով մինչև 1976 թվականը։
Ղազարյանը «Արարատի» ոսկե սերնդի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր։

Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում՝ «Բավարիայի» հետ հայտնի խաղում հենց նրա փոխանցումից հետո է Արկադի Անդրեասյանը գրավել մյունխենյան թիմի դարպասը։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Նիկոլայ Ղազարյանն անցել է մարզչական աշխատանքի։ Տարիներ անց նա գլխավորել է նաև հարազատ «Արարատը»։
Հետագայում էլ՝ Հայաստանի անկախության տարիներին Նիկոլայ Ղազարյանն ահռելի աշխատանք է կատարել։ Նա նորանկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահն է։