Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը բացասական վարքագիծ պարունակող էլեմենտ ունի իր մեջ․ Հովիկ Աղազարյան
copy image url

Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը բացասական վարքագիծ պարունակող էլեմենտ ունի իր մեջ․ Հովիկ Աղազարյան

Ներքին 1 տարի առաջ - 11:43 14-12-2023
Օրերս ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկեց մի նախագիծ, որով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից։ Նախագծին կողմ չէր նաև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Oragir.News-ը առաջարկված նախագծի շուրջ հարց է ուղղել Հովիկ Աղազարյանին, թե հնարավո՞ր է ՔՊ-ն օրակարգ բերի նաև Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ՝ ասենք, օրինակ, հետապնդվող անձանց ևս պատասխանատվությունից օրինական փրկագնով ազատվելու մասին նախագիծ կամ արդեն դատապարտված անձանց օրինական փրկագնով ազատելու մասին նախագիծ, եթե հաշվի առնենք, որ ըստ ՔՊ-ականների՝ առաջարկած նախագծի հիմնական մոտիվը 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելն է։

Աղազարյանն ի սկզբանե հրաժարվեց պատասխանելուց՝ասելով, որ հարցը կոռեկտ չէ ձևակերպված։ Այնուամենայնիվ, «կոռեկտ» ձևակերպումից հետո, ՔՊ պատգամավորը նախ հիշեցրեց այն մասին, որ ինքը դեմ է արտահայտվել այդ օրինագծին, սակայն ինքը պատրաստակամություն է հայտնել՝ գործընկերների հետ համատեղ անել ամեն հնարավորը, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ օրենքը ընդունելի դարձնեն։

«Ես և իմ գործընկերները անելու ենք հնարավորը, որպեսզի և՛ ընդունելի լինի, և՛ հումանիտար լինի, և՛ չվիրավորի որևէ մեկի եսը»,- ասում է Հովիկ Աղազարյանը, ում խոսքով՝ «չվիրավորի որևէ մեկի եսը» վերաբերում է այն քաղաքացուն, ով ստիպված պետք է ծառայի։

Արդյո՞ք, հայրենիքի համար «ստիպված» են ծառայում՝ հարցին ՔՊ պատգամավորը, համաձայնեց մեզ հետ, որ այո, հայրենիքի համար ստիպված չեն ծառայում, հայրենիքի համար պարտավոր են ծառայել բոլորը։

Ինչի՞ն է միտված Հայկ Սարգսյանի նման նախագծի առաջքաշումը՝ հարցին, Աղազարյանի խոսքով՝ Հայկ Սարգսյանի նպատակը՝ հայրենիքից դուրս գտնվող հազարավոր երիտասարդների հայրենիք բերելն է։

«Իմ կարծիքով սա բացասական վարքագիծ պարունակող էլեմենտ ունի իր մեջ»,- ասում է Աղազարյանը, ով համաձայն է այն տեսակետին, որ բոլորը պետք է ծառայեն հայրենիքին։ Աղազարարյանը համաձայն չէ հանրության մոտ շրջանառվող այն թյուր կարծիքի հետ, որ ՔՊ-ական պատգամավորների մոտ հայրենիք հասկացությունը հետին պլան է մղված։