Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ՝ 1985 թվականի դեկտեմբերի 17-ին։ ՄԱԿ-ն այս որոշմամբ ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը։
Օրվա խորհրդի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ, որը տևական ժամանակ է՝ իր թիմի հետ կամավորական աշխատանքներով է զբաղված՝ օգնելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, զոհված հերոսների ընտանիքների։
-Անաիս, տևական ժամանակ զբաղվելով կամավորական աշխատանքներով՝ որքանո՞վ եք կարևոր և անհրաժեշտ համարում հասարակության այս շերտի «սպասարկությունը»։-Կարող եմ ասել, որ անգամ առաջին ու ամենակարևոր տեղում են կամավորները, և ես երազում եմ մի օր ապրել մի այնպիսի Հայաստանում, որի և՛ ղեկավարությունը, և՛ Ազգային ժողովը, և՛ կառավարությունը, և՛ առհասարակ բոլորը կգան հայրենիք՝ կամավոր աշխատելու՝ առանց աշխատավարձի, որպեսզի ոչ միայն աթոռի կամ փողի համար լինի իրենց աշխատանքը, այլ նաև իմ կամավորների պես աշխատանք հայրենիքի համար։ Ես չգիտեի, որ այսօր Կամավորների օրն է, բայց հենց հիմա իմ դիմաց կանգնած են իմ հինգ կամավորները, որոնց շնորհավորում եմ սրտանց։ Մենք էլի կամավորություն ենք անում։ Ինձ հավերժ երբ զանգեք, մենք այս երկրի կամավորներն ենք ու հպարտանում ենք դրանով, որովհետև եթե դու իսկապես քո հայրենիքը սիրում ես, պիտի սիրես իմ կամավորի պես։ Ես ասել եմ, որ մնալու եմ Հայաստանում այնքան ժամանակ, մինչև տեսնեմ իմ կամավորներից շատերին ղեկավար պաշտոններում, որովհետև ես իմ հույսը ամբողջությամբ կապում եմ այս սերնդի հետ, այն սերնդի, որոնք անձնվիրաբար, հաց ու պանիրով, օրը 16 ժամով գալիս և աշխատում էին կամավոր իրենց հայրենիքի համար։
-Որքանո՞վ է պետությունը կարողանում խթան հանդիսանալ կամավորական աշխատանքների զարգացման գործընթացում։-Ինքս չեմ նկատել և չեմ ուզում քար նետել այն բանի վրա, որ չեմ տեսել։ Միգուցե օգնում է՝ չեմ տեսնում, միգուցե ինձ չեն սիրում, դրա համար ինձ չեն օգնում։ Մեծ սիրելու բան էլ չեմ։ Հուսամ՝ կան խմբեր, որոնց պետությունը օգնում է։ Չգիտեմ, ազնիվ կլինեմ։ Մենք որևէ օգնություն չենք ստացել և աջակցություն առավել քան։ Միայն ասեմ՝ շա՛տ շնորհակալ եմ, որ գոնե մեզ չեն խանգարում, որ օրինակ՝ չեն գալիս ու ծեծում։ Իհարկե, այն ժամանակ, երբ մենք արցախահայերի համար սնունդ էինք հավաքում օր ու գիշեր՝ տանջամահ լինելով, ամեն ինչ արել են․ պարեկներ են եկել, խանգարել, աղբը չեն տարել։ Գոնե շնորհակալ ենք, որ մեզ ուղղակի հայրենիքն ու կամավորությունը սիրելու համար չեն տարել։ Չգիտեմ էլ՝ ուր են տանում։ 12 տարեկան կամավորս կողքից ասում է՝ КГБ․ չգիտի, որ էլ չկա КГБ․ մենք սովետից վաղուց դուրս ենք եկել։ Մի խոսքով՝ շնորհակալ ենք, որ մեզ գոնե վատով չեն խանգարում։
-Նաև խոսենք Ձեր նոր նախաձեռնության մասին։ Կմանրամասնե՞ք՝ Տիկնիկային թատրոնի տարածքում ինչ աշխատանքներով եք զբաղված։-Ամեն տարի՝ 2020 թվականից հետո, զոհված հերոսների երեխաների համար փորձում եմ կազմակերպել միջոցառում, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ միգուցե այդ երեխաները նվերի կարիք չունեն, բայց մեր ուշադրության կարիքն ունեն, որովհետև իրենք պիտի մինչև իրենց կյանքի վերջ լսեն, որ իրենց պապաները հայրենիքի համար զոհված հերոսներ են։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ինչի հետ գուցե շատերը համաձայն չեն․ քավ լիցի, ոչ մեկին չեմ ստիպելու, բայց շատ-շատերն էլ կիսում են և միանում են։ Ինչպես իմ բոլոր միջոցառումներին, այնպես էլ հիմա ոչ մի գումար չեմ հավաքում։ Հավաքում եմ նվերներ 1100 գրանցված զոհված հերոսների երեխաների համար, որոնց համար պատրաստում ենք շատ մեծ միջոցառում Արամ Խաչատրյան համերգասրահում՝ մյուզիքլով, լուսային շոուով, որը, ցավոք սրտի, փորձում էին խոչընդոտել և թույլ չտալ, որպեսզի կազմակերպենք։ Էլի կարծում եմ, որ իմ հանգամանքից ելնելով էր՝ որպես անհատի։ Բայց դե ո՞վ ենք մենք, եթե Աստված որոշել է, որ պիտի լիներ այդ միջոցառումը։ Ովքեր որոշում էին խոչընդոտել, իհարկե, ներողություններ փոխանցեցին մեզ։ Ներողություններն ընդունվեցին մեր կողմից, սխալը ընդունեցին, մենք էլ, քանի որ սխալը ընդունել են, նենգ չենք, ոչ էլ հիշաչար ենք, կարևորը մեր գործը առաջ գնաց, թե չէ եթե դնենք ու պարզենք՝ սխալն ու ճիշտը որն է, գործն առաջ չի գնա։ Մեր նպատակը, կարևորը, կայանալու է․ դա ամենամեծ բանն է։ Հիմա բոլորը կարող են մոտենալ, բերել իրենց նվերները։ Հավաքում ենք սպորտային կոշիկներ, սպորտային հագուստ, խաղալիքներ, կոնֆետներ և գրքեր, հեքիաթներ։ Սիրով կընդունենք մեկ կոնֆետից մինչև 1000 երեխայի համար՝ ինչ բերեն։ Հաճախ ենք նվերներ ստանում նաև անհետ կորած զինվորների ծնողներից։ Ինձ համար՝ բարեբախտաբար, մյուսների համար՝ ցավոք, ինձ միացողների 99,9 տոկոսը մարդիկ են, որոնց սրտացավ են, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում մեր երկրում ու իսկապես կիսում են իմ արժեքները, իսկ իմ արժեքները հայրենիքը, հայրենիքի համար կյանք տված բոլոր մարդկանց ընտանիքները, հայ լինելն է, և վերջապես՝ մի օր հասկանալը, որ հայը լավագույն ազգն է աշխարհում, իսկ մենք դա կարող ենք միայն ապացուցել գործով։ Երբ դա ստատուս գրենք, չի ապացուցվելու, իսկ երբ դու դա գործով ես ապացուցում, ինչպես՝ իմ կամավորները, մարդիկ, որոնք միանում են մեզ, գործ է։ Շատ-շատ հաճախ եմ տեսնում և՛ զոհված հերոսների ընտանիքների ծնողների, ընտանիքի անդամների, և՛ զոհված հերոսների երեխաների, որոնք մեզ մոտ են գալիս՝ որպես կամավոր աշխատող։ Եթե չլինեն նրանք, ես մի օր երևի թե այս գործը ուղղակի չեմ անի, որովհետև երբ դու տեսնում ես, որ անվասայլակի վրա հաշմանդամ զինվոր է գալիս ու բերում է քեզ մոտ ինչ-որ բան՝ 2 վաֆլի՝ առած իր ճղճիմ թոշակով, որ անարժան ձևով է տալիս նրանց, որովհետև իրենքվ շատ-շատ ավելիին են արժանի, դու հասկանում ես, որ դու պիտի շարունակես անել, որովհետև և՛ երկու ոտքով ես, և՛ երկու ձեռքով։
-Ի՞նչ կմաղթեք կամավորներին։-Մի անգամ մի բան եմ ասել իմ կամավորներին և խնդրում եմ, որ իրենք դա շատ լավ հիշեն․ հայրենիքը պետք է սիրել մինչև վերջ, հատկապես՝ երբ դու կամավորություն ես անում։ Հայրենիքը կիսատ չեն սիրում, այսինքն՝ չեն գալիս կիսատ մի բան անելու, թողնելու ու ասելու՝ հոգնեցի, ցուրտ է, հարմար չէ կամ հաց ուպանրով չենք ուզում լինել։ Եթե սիրում ես հայրենիքը, ուրեմն պետք է սիրես մինչև վերջ»։