Գլոբալ տաքացումը զսպելու համար պետք է լիովին հրաժարվել հանածո վառելիքից․ Գուտերեշ
copy image url

Գլոբալ տաքացումը զսպելու համար պետք է լիովին հրաժարվել հանածո վառելիքից․ Գուտերեշ

Արտաքին 1 տարի առաջ - 17:38 01-12-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ միայն առելիքի հանածո տեսակների օգտագործումից լիովին հրաժարվելը մարդկությանը թույլ կտա հասնել գլոբալ տաքացման զսպման՝ ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակի վրա, որն ամրագրված է Փարիզի կլիմայի համաձայնագրով: Այս մասին Գուտերեշն ասել է՝ դիմելով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցներին։

«Գիտությունը միանշանակ ասում է. 1,5 աստիճանի սահմանն իրական է, միայն եթե մենք, ի վերջո, դադարենք այրել ամբողջ հանածո վառելիքը՝ ոչ թե կրճատենք (դրա օգտագործումը), ոչ թե նվազեցնենք, այլ աստիճանաբար հրաժարվենք՝ հաշվի առնելով հստակ ժամանակային շրջանակները»,- ասել է նա։

Գուտերեշը նաև դիմել է «վառելիքային ընկերությունների ղեկավարներին». «Սխալ մի՛ գործեք: Կլիմայի կայունության ճանապարհը ձեր ընկերությունների տնտեսական կայունության միակ կենսունակ ուղին է»։

Նրա կարծիքով՝ «արդյունաբերության ներկայացուցիչներին պետք է օգնեն ճիշտ ընտրություն կատարել երկրների կառավարությունները, այդ թվում՝ «կարգավորման միջոցառումների, օրենսդրության» և «հանածո վառելիքի սուբսիդավորման դադարեցման» միջոցով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունն ունի «տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան խուսափել ամենասարսափելի կլիմայական քաոսից»։ Բայց դրա համար, Գուտերեշի համոզմամբ, անհրաժեշտ են անհապաղ գործողություններ, «առաջնորդություն, համագործակցություն և քաղաքական կամք»: