Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ 2023 թվականը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։
«Այսօր մեզ սպասվում է տարվա արդյունքների ամփոփում մեր համատեղ նիստի ձևաչափով։ Վաղը 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն մեր ղեկավարները՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։ Այս տարին չափազանց բարդ էր ու լարված թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ նրա անդամ պետությունների, թե՛ կազմակերպությունում բելառուսական նախագահության համար»,- նշել է Ալեյնիկը, ապա շարունակել, - «Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել գրեթե բոլոր նախատեսված միջոցառումները։ Ընթացիկ տարում Մինսկը, առանց չափազանցության, դարձավ ՀԱՊԿ-ի մայրաքաղաքը՝ հանդիպումներ անցկացրին արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները, խորհրդարանականները, կազմակերպության համակարգող կառույցները, որոնք պատասխանատու են անդրազգային մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար»։
Բելառուսի ԱԳ նախարարը հավելել է, որ հոկտեմբերին Մինսկում անցկացվեց Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և կազմակերպության քարտուղարության ակտիվ մասնակցությամբ:
«Մենք այսօրվա նիստին մոտեցել ենք անցկացված միջոցառումների պատկառելի ուղեբեռով, պատրաստված փաստաթղթերով և ապագայի պլաններով․․․ Վստահ եմ՝ հիմա կկարողանանք, ինչպես միշտ, վստահ ու բաց կերպով մտքեր փոխանակել տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ և ստորագրել համաձայնեցված փաստաթղթեր, որոնց մեծ մասն այնուհետև կհասնի Հավաքական անվտանգության խորհրդի անդամների սեղանին», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներն առանձնանում են բարեկամական և ջերմ մթնոլորտով, և հայտարարելով, որ դա միշտ համարվել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումների այցեքարտը։