Նախօրեին Հանրային Հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կերպարից դուրս» հաղորդաշարի հյուրը՝ դերասան, ԵԹԿՊԻ դասախոս Դավիթ Հակոբյանը, իր խոսքում անդրադարձել է ԵԹԿՊԻ մագիստրատուրա ընդունվող ուսանողներին։

«Եթե մագիստրատուրայի դիպլոմը չունես, դասավանդման իրավունք չունես։ Իսկ մագիստրատուրա գնում են այն ավարտածները, որոնք, այսպես ասած, բարձր ՄՈԳ-եր ունեն և, ցավոք սրտի, դրանց մեծ մասը պահանջարկ չունեն ո՛չ կինոյում, ո՛չ թատրոնում, ո՛չ հեռուստատեսությունում։ Սա դաժան բան եմ ասում։ Ով պահանջարկ է ունեցել, արագ մտել է թատրոն, հեռուստատեսություն, կինո, կամ էլ ուղղությունն է փոխել»։
Հանրության շրջանակներում դերասանի խոսքը շատ հակասական արձագանք ստացավ։ Այս կապակցությամբ
Oragir.News-ը զրուցել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ, որի խոսքով՝ այլ համակարգի անցումը մինչև վերջ չի ներկայացնում մագիստրատուրայի բուն նպատակն ու էությունը։
«Քանի որ հանրապետությունը երկու տասնամյակից ավել է ՝ 5-ամյա համակարգից անցում է կատարել երկաստիճան համակարգի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի, մինչև վերջ չի գիտակցվում, թե ինչ է իրենից ներկայացնում մագիստրատուրան, և կա թյուրըմբռնում մագիստրոսական կրթության հետ կապված»։
Հարցին՝ պատշա՞ճ է համարում նա արդյոք իր ղեկավարած բուհի դասախոսից նման մտքեր հրապարակավ հնչեցնելը, Նալբանդյանն ասաց․
«Նա հավանաբար ավելի խորքային խնդիրներ է ցանկացել արծարծել, բայց կարծում եմ՝ նա մագիստրատուրայի մասին դա չի մտածել․ դեռ զրույց չեմ ունեցել հետը»։