«Սեպտեմբերի 19-ին ամուսինս ու 3 եղբայրներս դիրքերում էին, ոչ մեկից լուր չունեինք․ 20 -ի առավոտյան լուր ստացանք, որ պետք է գյուղը լքենք։ 3 անչափահաս երեխաներիս հետ մի կերպ բարեկամի մեքենայով դուրս եկանք գյուղից»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված Աքսաննա Մաթևոսյանը։
Աքսաննան պատմում է, որ 6 օր մնացել են Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում։ «Ոչինչ մեզ հետ չէինք հասցրել վերցնել, երեխաներիս հետ քնում էինք հատակին, մեզ հետ նաև գյուղերից տեղահանված շատերը, բայց ոչ մեկը չէր տրտնջում, բոլորիս մտքում մի բան էր՝ կարևորը ընտանիքի անդամներից ոչ ոք չպակասի։
Ամսի 24-ին, վերջապես, ամուսինս ու եղբայրներս եկան, նույն օրը՝ բթացած ցավը կոկորդներումս խեղդելով՝ հեռացանք Արցախից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, մանկություն, հայրական տուն, մի ողջ ապրած կյանք»,- ասում է մեր զրուցակիցը։
Աքսաննան ու ամուսինը դեռևս ուսանողական տարիներից են սկսել իրենց սիրավեպը։
«Երբ ավարտեցինք համալսարանը, երիտասարդ ամուսիններով որոշեցինք, որ պիտի աշխատենք Հադրութի շրջանի Առաքել գյուղում, ամուսինս՝ պատմության ուսուցիչ, ես՝ դասվար։ Վարձով էինք ապրում մինչև 2020 թվի հուլիսի 11-ը, հետո տուն գնեցինք, մեր ուժերով կահավորեցինք, դեռ չէինք հասցրել իրերը բացել․․․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսինս ինձ ու 2 փոքրիկներիս ընկերոջ մեքենայով ուղարկեց Հադրութի իբր ապահով գյուղեր (Քարագլուխ, Դոլանլար, Խծաբերդ), իսկ ինքը մնաց Ջրականի (Ջաբրաիլի) մոտակայքում։
Հոկտեմբերի 1-ին ճանապարհվեցինք Երևան, իսկ ինքը մինչև նոյեմբերի 26-ը մնաց Խծաբերդում...
Պատերազմն ավարտվելուց հետո, չնայած Հադրութն այլևս չկար, բայց ամուսինս որոշեց, որ պետք է ապրենք Արցախում։
2020 թվականի դեկտեմբերի 3-ին արդեն իմ հայրենի գյուղում՝ Հաթերքում էինք։ Սկսեցինք ամեն ինչ զրոյից ստեղծել, ամուսինս անցավ ծառայության։ Արդեն հարմարվել էինք, անգամ բլոկադան չկարողացավ մեզ ընկճել, բայց․․․
Այսօր կրկին փորձում ենք զրոյից նոր կյանք սկսել, ապրում ենք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, դեռևս աշխատանք չունենք։ Ընտանիքիս հոգսը որոշ չափով թեթևացնելու համար որոշել եմ ժենգյալով հաց ու փախլավա թխել, բայց չունեմ ջեռոց։
Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ այդ հարցում, հոգաչափ շնորհակալ կլինեմ»,- ասում է Աքսաննան։
Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել՝ 098532551, 033566300 հեռախոսահամարներով։