Առանց նշագրման տուփերի վրա առկա էին «Արարատ» և «Գառնի»․ Oragir.News-ի հրապարակումից հետո ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել
copy image url

Առանց նշագրման տուփերի վրա առկա էին «Արարատ» և «Գառնի»․ Oragir.News-ի հրապարակումից հետո ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Ներքին 1 տարի առաջ - 20:28 15-11-2023
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել Oragir.News-ի՝ «Նույն Ararat ծխախոտն է․ առանց ակցիզի ծխախոտներ՝ հայկական շուկայում» նյութի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․ «Ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի վաճառքի վերաբերյալ հրապարակման առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն կարևոր է համարում ընդգծել, որ «Նույն Ararat ծխախոտն է․ առանց ակցիզի ծխախոտներ՝ հայկական շուկայում» վերնագրով հրապարակումից մի քանի օր առաջ ՊԵԿ-ն ստացել է համապատասխան ահազանգ և ձեռնարկել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված սիգարետների վաճառքի դեպքի առնչությամբ:

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ք. Երևան, Արտաշիսյան փողոցին հարող շուկայի տարածքում վաճառվում են առանց նշագրման տուփերով ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված սիգարետներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շուկայում ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված սիգարետները վաճառվում են առևտրային գործունեություն իրականացնող Ա.Մ.-ի կողմից։ Վերջինիս վաճառակետում առկա էր առերևույթ կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 10 տուփ «MARLBORO FINE TOUCH» տեսակի և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված 281 տուփ սիգարետ, որոնցից 120-ը՝ առանց նշագրման սպիտակ տուփերով, իսկ 161 տուփը՝ ԻԻՀ-ից ներմուծված տարբեր տեսակի սիգարետներ։

Առանց նշագրման սպիտակ տուփերի սիգարետների բլոկների թաղանթի վրա գունավոր մատիտով (մարկեր) առկա էին «Արարատ» և «Գառնի», ինչպես նաև «3500 դրամ» նշագրումներ։ Միաժամանակ՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետին «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 09.11.2023թ. ներկայացվել է դիմում, որում նշված է, որ ՀՀ շուկայում հայտնվել և իրացվում են առանց անվանման, առանց որևէ նույնականացման տվյալների, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված սիգարետներ։

Վերջինս հայտնել է, որ նշված ծխախոտային արտադրանքները նմանեցվել են «Գառնի» և «Արարատ» ապրանքային նշաններով ծխախոտային արտադրատեսակներին և խնդրել իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ նշված սիգարետներն արտադրողներին բացահայտելու նպատակով։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չդրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Լրատվամիջոցներին հորդորում ենք նմանատիպ տեղեկություններ տարածելուց առաջ դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ առավել ճշգրիտ և համակողմանի տեղեկատվություն հանրությանը մատուցելու համար»։

Ուշագրավ է, որ Պետական եկամուտների կոմիտեին լրատվամիջոցին հորդորում է նման տեղեկություններ տարածելուց առաջ դիմել ՊԵԿ-ին, այնինչ ողջ համացանցը ողողված է նման տեսանյութերով և տեղեկություններով։ Տարօրինակ նաև այն հանգամանը, չնայած ՊԵԿ-ն իր պարզաբանման մեջ նշում է, որ Oragir.News-ի հրապարակումից օրեր առաջ է նման ահազանգ ստացել և դրա հետքերով գնացել, սակայն այդ մասին հրապարակել է միայն մեր հրապարակումից հետ։

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ ցուցադրվում էին սպիտակ տուփով ծխախոտներ՝ առանց անունների, առանց գլանակների վրայի գրվածքների և ակցիզների, ինչը նշանակում է, որ դրանց վաճառքից հարկեր չեն ստացվում։

Ըստ օգտատերերի՝ այդ ծխախոտները արտադրվում են Հայաստանում․ «Նույն Ararat ծխախոտն է․ առանց ակցիզի ծխախոտներ՝ հայկական շուկայում»,-գրել էին օգտատերերը։