Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 միջազգային հեռուստաալիքին։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումը անակնկալի բերեց հայ ժողովրդին, և միջազգային հանրությունը պատշաճ կերպով արձագանքեց դրան՝ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց, որ նման հարձակումը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման բացահայտ դրսևորում էր։
Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ միջազգային հանրությունը և Արևմուտքը կարող էր անել ավելին՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը սանձելու համար, սակայն ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ առանձին պետությունները, օրինակ Ֆրանսիան, պարզապես դիտորդի դերում էին։ Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փաթեթի մշակման դեպքում կկարողանային կանխել այն գործողությունները, որոնք ուղղված էին հայ ժողովրդի դեմ։
Հարցին, թե ինչ կարգավիճակում են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը՝ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է.
«Նրանք անորոշության մեջ են նույնիսկ Հայաստանում և իրենց Հայաստանի լիիրավ քաղաքացիներ չեն համարում, չնայած այն բանին,որ հայկական անձնագրեր ունեն, և շատերը նույնիսկ ցանկանում են լքել Հայաստանը»։