Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած և առ այսօր շարունակվող աղետալի իրադարձությունների գլխավոր պատճառներից մեկն այն է, որ անկախության հռչակումից ի վեր մեր երկրում այդպես էլ չձևավորվեցին ազգային-պետական էլիտաներ, որոնց համար պետության շահերի պաշտպանությունն ավելի կարևոր կլիներ, քան իրենց անձնական, կամ նեղ խմբային շահերը։ Վստահաբար կարող ենք ասել, որ ներկայումս Հայաստանում չկան մարդիկ, ովքեր պայքարում են միևնույն արժեքների համար, պատրաստ են գնալ մինչև վերջ և կանգնեցնել այս կործանարար ընթացքը, որում Հայաստանը գտնվում է 2020 թվականից հետո, սակայն այս ամենի ակունքները հասնում են ընդհուպ մինչև հեռավոր 1990-ականներ։
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը և վերադառնում է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարի պաշտոնին, որից հրաժարվել էր մանդատը ստանձնելու ժամանակ։ Արմեն Չարչյանի մանդատը պետք է հասներ «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ հոգեբան Միհրդատ Մաթադյանին, սակայն ինչպես Մադաթյանը, այնպես էլ հաջորդող երկու թեկնածուները՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը հրաժարվել են դրանից, և այժմ այն բաժին կհասնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ով շուրջ 2 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, իսկ պատգամավորական մանդատի շնորհիվ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։
Չնայած Լևոն Քոչարյանը ձերբակալվել է Արցախի հանձնումից հետո տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ակցիաներին մասնակցելու ժամանակ, ու ինչպես պնդում են նրա փաստաբանները և ընդդիմության ներկայացուցիչները, վերջինս քաղբանտարկյալ է, այնուամենայնիվ այս հրապարակմամբ ամենևին նպատակ չունենք գնահատական տալու Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս հրապարակմամբ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ մեր օրերում ՀՀ ԱԺ պատգամավորի առաջնային մանդատն այնքան է արժեզրկվել քաղաքական կուսակցությունների կողմից, որոնց այդպես էլ չհաջողվեց պետականակենտրոն էլիտաներ ձևավորել, որ այն օգտագործվում է ոչ թե այդ մանդատը տված ժողովրդի անթիվ-անհամար խնդիրները որոշ չափով լուծելու, կամ գոնե մեղմելու, այլ սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։ Նման վերաբերմունքը չափազանց մտահոգիչ է, քանի որ սա փաստում է, թե քաղաքական շրջանակներն ինչպես են վերաբերվում պետական ինստիտուտներին և առհասարակ ժողովրդի կողմից տրված մանդատներին, որը ստանալու համար քարոզարշավի ժամանակ ոսկե սարեր, իսկ այս ընտրությունների ժամանակ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա էին խոստանում։
Նկատենք, որ տիտղոսային ընդդիմությունը՝ խորհրդարանում ներկայացված 2-րդ քաղաքական ուժի «Հայաստան» խմբակցության գլխավորությամբ, առիթը բաց չի թողնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քննադատելու, որ վերջինս կառավարվում է մեկ անձի կողմից, հաղորդագրությունների, կամ զանգերի միջոցով, ՔՊ-ական պատգամավորներին անվանում է ուսապարկեր (հանուն արդարության նշենք, որ այս որակումը տվել է անձամբ ՔՊ-ական պատգամավոր Վահանգն Ալեքսանյանը, սակայն ընդդիմությունը լայնորեն կիրառում է այն) և այլն, սակայն ինքը նույնպես շատ հաճախ առաջնորդվում է նման կերպ, և այժմ, երբ անհրաժեշտ է Լևոն Քոչարյանին կալանքից ազատել, 3 գործիչներ հրաժարվում են իրենց մանդատներից, որպեսզի դաշինքի առաջնորդի որդուն օժտեն պատգամավորական անձեռնմխելիությամբ։
Հատկանշական է, որ հոգեբան Միհրդատ Մադաթյանը Արմեն Չարչյանի կողմից սեփական մանդատը վայր դնելուց հետո հայտարարել էր, որ ստանձնելու է այն, սակայն օրեր անց նշեց, որ հրաժարվում է վերցնել այն, քանի որ այդ դեպքում սպիտված է լինելու դադարեցնել իր մասնագիտական գործունեությունը։ Դժվար է հավատալը, որ Մադաթյանի նման գործիչը, երբ հայտնում էր մանդատը ստանձնելու պատրաստակամության մասին տեղյակ չէր, որ ԱԺ պատգամավորին արգելվում է այլ աշխատանք կատարելը՝ բացառությամբ մանկավարժական աշխատանքի, և միայն հայտարարությունից հետո է իմացել օրենքի այդ պահանջի մասին։
Համոզիչ չէր նաև ՀՅԴ-անդամ Գերասիմ Վարդանյանի հայտարարությունը, ով մանդատից հրաժարումը պայմանավորում էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում իր ունեցած աշխատանքային ու կազմակերպչական ծանրաբեռնվածությամբ։ Բացի այդ սա 2021 թվականից հետո առաջին դեպքն էր, երբ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական հաջորդ անդամը հրաժարվեց իրեն հասանելիք մանդատից, նախորդ բոլոր դեպքերում ՀՅԴ-ականները ստանձնել են մանդատները և այժմ խմբակցության կազմում մեծամասնություն են կազմում։
Առավել տրամաբանական էր Անժելա Նալբանդյանի բացատրությունը, ով նշեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվում է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:
Այսպիսով Հայաստանում ազգային և պետական էլիտաներ ձևավորելու հրամայականը շարունակում է արդիական մնալ։ Կարծում ենք, որ նման էլիտաները պետք է ձևավորվեն բոլոր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած գործիչներից, որոնց համար պետական շահերի պաշտպանությունը վեր կլինի ամեն ինչից և դրանք չեն ստորադասի՝ հանուն սեփական շահերի, կամ ներքաղաքական օրակարգի։
Դժվար է ասել՝ նման էլիտաներ կձևավորվե՞ն, թե՞ ոչ, եթե ձևավորվեն որքա՞ն ժամանակ կպահանջի և այլն, սակայն միանշանակ է, իսկ եթե այդպիսիք չձավորվեն, ապա Հայաստանը կբախվի նորանոր աղետների, որոնց հետևանքները մեր պետության համար անդառնալի կլինեն։ Վստահաբար կարող ենք պնդել, որ եթե երկրում նման էլիտաներ լինեին, ապա Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները 2018 թվականին իշխանության գալու անգամ տեսական հնարավորություն չէին ունենա, իսկ եթե նրանց ամեն դեպքում դա հաջողվեր անել, ապա որևէ պարագայում 2020 թվականի աղետալի պատերազմից ամիսներ անց չէին վերընտրվի՝ ստանալով ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 54%-ը։
Իհարկե ստեղծված աղետալի իրավիճակի գլխավոր մեղավորը և պատասխանտուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն, միանշանակ է, որ վերջինիս չէր հաջողվի իր ծրագրերն իրագործել, եթե դրա համար պարարտ հող չլիներ։ Իսկ ընդդիմության կողմից սեփական պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելը և ամեն ինչում Փաշինյանին մեղադրելն ամենահեշտ տարբերակն է, որը, ինչպես փաստեցին 2020-2023 թվականներին տեղի ունեցած զարգացումները, որևէ կերպ չի նպաստում վերջինիս պաշտոնազրկմանը։
Հավելենք, որ եթե իրադարձությունների զարգացման նման ընթացքը շարունակվի, ապա չի բացառվում, որ Փաշինյանը դեռևս շատ երկար կմնա իշխանության ղեկին, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են լինել ավելի խայտառակ, քան եղան 2021-ին։
Այլ հարց է, թե այդ ժամանակ Հայաստանի տարածքի և բնակչության որ մասը կհաջողվի պահպանել։
Դավիթ Գույումջյան