Ապրում եմ որդուս համար․ արցախցի կնոջ եղբայրը խոշտանգվել է, ամուսինը՝ անհետ կորել
copy image url

Ապրում եմ որդուս համար․ արցախցի կնոջ եղբայրը խոշտանգվել է, ամուսինը՝ անհետ կորել

Ներքին 1 տարի առաջ - 10:27 31-10-2023
«Ես հիմա ապրում եմ որդուս՝ Կարենի համար․ իհարկե, եթե դա կարելի է ապրել համարել»,- սարուշենցի Անահիտը մեկն է այն 100․000 արցախցիներից, ով ընդամենը օրերի ընթացքում կորցրել է ամեն ինչ։ Ու եթե նյութական կորստի հետ համակերպվել հնարավոր է, Անահիտի պարագայում ինքը կորցրել է սիրտն ու հոգին։

Ապագա ամուսնու՝ Գենադիի հետ «սիրավեպը» սկսվել է մանկապարտեզից, իսկ երբ 2020 թվականին նշանածը պատերազմի ամենաթեժ կետերից հրաշքով փրկվել էր, որոշեցին ցավը սեղմել ատամներով ու հարսանիք անել։ 2020-ին Սարուշենը «մենակ» էր մնացել՝ շրջափակման մեջ բոլոր կողմերից․ Ակնաղբյուրը, Սղնախը, Ուխտասարը և շատ ու շատ հայկական գյուղեր անցել էին Ադրբեջանի տիրապետության տակ։

Սարուշենցին, արհամարհելով վախն ու վտանգը, 3 տարի շարունակ մնաց թշնամու նշանառության տակ, բայց չլքեց գյուղը։ Սեպտեմբերի 19-ին գյուղը լքեցին մի կերպ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր։

«1․5 տարեկան երեխայիս գրկած՝ անտառների միջով մի կերպ հասել ենք Մարտունու շրջանի Մսմնա գյուղ, այնտեղից էլ՝ անտառային ճանապարհով տեղափոխվել Ստեփանակերտ։ Ինձ հետ կային կանայք, ովքեր երկվորյակներին էին գրկել։ Պետք էր ուժ գտնել, մեր երեխաների կյանքը մազից էր կախված։ Դա ողջ մնալու միակ ճանապարհն էր։ Եթե մեր տղամարդկանց դիմադրությունը չլիներ, մենք նույնիսկ չէինք հասցնի փախչել»,- Oragir.News-ի հետ զրույցում այդ դժոխային օրերը վերապրում է մեր զրուցակիցը։

Բայց Անահիտի կյանքի ոդիսականն իր շարունակությունն է ունենում։

«Գյուղը պաշտպանելու ժամանակ հարազատ եղբայրս՝ Արտակը, վիրավորում է ստանում։ Հորեղբայրս փորձում է նրան հասցնել Ստեփանակերտի հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսին էլ թուրքերը գերի են վերցնում և գազանաբար խոշտանգում։ Նույն օրը գյուղի դիրքերում զոհված ընկերոջ դին հանելու ժամանակ զոհվում է նաև հարազատ քրոջս ամուսինը։ Կրակահերթի տակ է մնում և զոհվում նաև ամուսնուս պապը, ով պիտի մեզ հաներ գյուղից․․․ Իմ կյանքի ոդիսականը ավարտ չունի»,- ասում է Անահիտը։

«Թվում էր, թե գոնե ողջ մնացածներս պիտի շարունակեինք մեր կյանքը, բայց ոչ՝ այն կանգ առավ, երբ մի քանի լիտր բենզին ձեռքբերելու համար էլ կորցրինք ամուսնուս 15-ամյա եղբորը՝ Արենին, իսկ ամուսնուս՝ Գենադիի մասին առ այսօր լուր չունենք․ երեկ վերջապես հողին հանձնեցինք եղբորս․․․ մայրս էր ԴՆԹ հանձնել․ հաստատվեց․․․
Ասում են՝ հնարավոր է ամուսինս ադրբեջանցիների մոտ լինի, ուզում եմ հավատալ․․․ Պատկերացնու՞մ եք, ես պատրաստ եմ եղբորս սպանող թուրքին շնորհակալ լինել, միայն թե նա փրկի ամուսնուս կյանքը։ Երևի մտածում եք, գժվել եմ, այո։ Ես, որ այսօր ապրում եմ միայն որդուս՝ Կարենի համար, չեմ ուզում այլևս ոչ մեկին կորցնել»,- ասում է 24-ամյա Անահիտը, ով սեպտեմբերի 19-ից միայն կորցրել է ․․․

Այսօր Անահիտը, շնորհիվ բարի ու կամեցող մարդկանց, իր և ամուսնու ծնողների հետ միասին ապրում է Օշական գյուղում։ Անահիտի ընտանիքն ամեն օր սպասում է ԴՆԹ թեստի պատասխանին, սակայն մինչ այսօր ոչ մի պատասխան չկա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում