«Զարմանալի ազգ ենք մենք․ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրան։ Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ։
Ես դեդուկտիվ ծնունդ եմ։ Մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության» մանրամասն ապրելուց հետո, ես ծնվելիս ասացի։ Մի ուրիշն իմ տեղ լիներ՝ այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թե ինչքան է այդ կյանքն ունայն»,- իր կյանքի դառն օրերի մասին գրել է երգիծաբան Լեռ Կամսարը։
Այսօր հայ երգիծաբանության երրորդ գագաթի՝ Լեռ Կամսարի ծննդյան օրն է։

Փուշ ու տատասկով է պատված երգիծաբանի կյանքի ուղին, մի Գողգոթայի ճանապարհ է այն, որն անցնելու համարձակություն շատ քչերն ունեն։ Երգիծաբանի կարևորության մասին ինքը՝ Լեռ Կամսարը, գրում է. «Մարդու կյանքը ինքնին ողբերգություն է, ողբերգության մեջ ողբերգություն դնելը նշանակում է բացված դուռը ծեծել։ Ըստ իս՝ ապրել նշանակում է ծիծաղել։ Մահվանը լացով դիմավորելը պարտվել ասել է, եթե կուզես հաղթել մահվան, ծիծաղիր վրան, և նա ամոթահար կլինի»։
Կյանքի իր դժվարին ճանապարհին Արամ Թովմաղյանին ուժ են տվել երգիծանքն ու իր գրական կեղծանունը։ Այս առումով շատ կարևոր է գրողի ինքնախոստովանությունը. «Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար» անունն առա վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունն այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը։
Որովհետև եթե այն ժամանակ ինձ «Լեռ» չանվանեի ու, ասենք, «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա քառասուն տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար տաներ, ինչքան էլ «հաստ բուն» ունենայի։
Ես անպայման «Լեռ» պիտի լինեի՝ դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին»։

Լեռ Կամսարն ապրել է հինգ տարբեր վարչակարգերում՝ Սուլթանական Թուրքիայում, Ցարական Ռուսաստանում, երիտթուրքական Թուրքիայում, դաշնակցական Հայաստանում և Սովետական Հայաստանում։ Որ վարչակարգում էլ ապրել է, Կամսարը միշտ ահազանգել է իր ժողովրդի խնդիրների մասին, բարձրաձայնել է ապազգային գործիչների կործանարար քաղաքականությունը, եղել է չշմարտության դեսպանը։
Ազգային ճակատագրով մտահոգ Կամսարը ցույց է տալիս, թե ինչպես են մեծ տերություններն օգտագործում փոքրերին. «Փոքր ազգերը շատ կարևոր գործոն են։ Անոնք կդյուրացնեն մեծ ազգերու գործը։ Պատկերավոր խոսելով, անոնք կլավիշներն են դաշնամուրին, որք ինչքան շատ ըլլան, այնքան եվրոպական կոնցերտը ներդաշնակ դուրս կուգա»։
Ճակատագիրը նրան ուր էլ նետեր, իր սուր գրիչը մշտապես հետն է եղել։ Հայտնի է, որ Երևանի բանտում Կամսարը թուղթ ու գրիչ մոտը պահելուև ստեղծագործելու թույտվություն է ունեցել հենց Աղասի Խանջյանի հրահանգով, քանի որ վերջինս Վանում աշակերտել էր Կամսարին։ Նա իր գրիչը վայր դրեց միայն 1937 թ., երբ աքսորվեց Հյուսիսային երկրամաս՝ Վոր-կուտա-Ուսա։

Կամսարը հավասարության նշան է դնում ռուսների ու թուրքերի միջև. «Չմեղադրե՛ք, եթե ռուսին ավելի վատը կհամարեմ, քան թուրքին։ Որովհետև առաջ ցարական Ռուսաստանն ընդունեց «Հայաստանն առանց հայերի» լոզունգը, նոր՝ սուլթանական Թուրքիան։ Իսկ Սովետական Ռուսաստանը, որը կոչվեց «Եղբայրական Ռուսաստան», զենք մատակարարեց Մուստաֆա Քեմալ փաշային, որ նա մի անգամ կոտորած հայերին... երկրորդ անգամ կոտորի»։
Լեռ Կամսարը շատ սկզբունքային անհատականություն էր։ Շատերը այդ օրերին փառաբանում էին Ստալինին՝ իրենց մորթը փրկելու համար։ Կամսարը, սակայն, չէր ընդունում նման մոտեցումը։ Երբևէ որևէ դրական խոսք նա չի ասել առաջնորդի, այն էլ Ստալինի մասին։ Նա խստորեն քննադատել է գրչակից ընկերներին, չի խնայել անգամ Ավ. Իսահակյանին, ում հետ բավականին մտերիմ էր։ Խստագույն քննադատության է ենթարկում հատկապես Շիրազին. «Ո՛վ տիեզերք, վերջերս դուն անլուր անարգանքի մը ենթարկվեցար բանաստեղծ Հովհաննես Շիրազի կողմէ, ան քեզի տարավ Ստալին սիրել տվավ, ան Ստալինին «տիեզերահայր» անվանեց, բայց մի՛ վշտանա, Ստալինն շա՜տ պզտիկ է այդ հորջորջումն արդարացնելու համար։
Ո՜վ տիեզերք, Շիրազին ըսածն վրադ մի առներ, անիկա այդ հորջորջումով ցույց տվավ միայն, որ ինքն տիեզերական ստորաքարշ մըն է միայն, որ մարդկային տականքները տիեզերք կհանէ...»։

Թեև ամբողջ կյանքում օրագիր էր գրում, բայց այն երբեք չի համարել իր կյանքի պատմությւոնը։ Այն ընդամենը միջոց էր՝ ներկայացնելու ժամանակաշրջանն ու իրեն հուզող խնդիրները։ Իսկ իրենով հետաքրքրվողներին ասում էր․
-Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք…
Օվսաննա Իսրայելյան