Հայաստանում սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն է. ԱՆ-ն հայտնում է՝ ինչ անել
copy image url

Հայաստանում սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն է. ԱՆ-ն հայտնում է՝ ինչ անել

Ներքին 1 տարի առաջ - 13:10 19-10-2023
Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ՝ շտապօգնության կանչերում։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։

Վերլուծությունը, ըստ տարիքային խմբերի, փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։