Արցախից բռնի տեղահանված 2000-ից ավել քաղաքացի է հաշվառվել Գյումրիում։ Նրանց մեծ մասն ապրում են Գյումրիի հյուրանոցներում և հյուրատներում։
Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը զրուցել է Արցախից տեղահանված, ժամանակավոր հյուրանոցներում ապաստանած մեր հայրենակիցների հետ։
«Էստեղ մեզ շատ լավ ընդունում են, մարդիկ հոգատար են։ Անցած անգամ, նստեցի տաքսի իմացան, որ Արցախից եմ, վարորդը գումարը չվերցրեց։ Մարդիկ էլ կան, որ տարանջատում են, սկսում են մեղադրանքներ տալ և հետո շատ է ընդունված, որ ասում են՝ արցախցիները անմարդկային են, մի բաժակ ջուր ուզես, չեն տա։
Մեր մոտ էնքան սալդատներ են եղել, որ մեր երեխեքի պես կերակրել ենք։ Ամուսինս, որ խոզը մորթում էր, հավաքում էր զինվորներին, իրենց էլ էր բաժին հանում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մենք Հրազդանում էինք մնում, էնտեղ էլ մեզ լավ ընդունել են, պահել են։ Մեզ համար հիմա գլխավոր խնդիրը տանիք ունենալն է, մեկ էլ աշխատանք։ Ես չեմ ասում՝ նստեմ, պետությունը ինձ պահի»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Սարգսյանը։
Գյումրիի մեկ այլ հյուրանոցում ապրող Տատյանա Գրիգորյանն էլ ասում է, որ աշխատանքի առաջարկ է ստացել, հավանաբար մի քանի օրից կտեղափոխվի վարձով բնակարան։
«Գյուղ գյուղի վրա կլինի, բայց տունը տան վրա չի լինի։ 9 հոգով մի քանի քառակուսի մետր սենյակում հնարավոր չէ ապրել, բայց էլի շնորհակալ ենք, որ մեզ ընդունել են, տեղ են տվել, դրսում չենք»,- ասում է Այգեստանից տեղահանված Տատյանա Գրիգորյանը։
Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Դիանա Շակիրովան էլ ասում է, որ իրեն խոհարարի աշխատանք են առաջարկել, բայց դեռևս մտածում է, որովհետև մեծ ընտանիքին պահելու խնդիր ունի։
«Արցախում ես օրական 10.000-ից պակաս չեմ աշխատել, մինչև բլոկադան ես խոհարար էի աշխատում։ Այստեղ օրը 3000 դրամ են առաջարկում, բայց ես ուսանող երեխա ունեմ, դպրոցական երեխեք ունեմ։ Չգիտեմ՝ դժվար է, պիտի ամեն ինչ զրոյից սկսենք, բայց էլի չենք հանձնվում»,- պատմում է արցախցի կինը։
Գյումրիի հյուրանոցներում ժամանակավոր ապաստան գտած արցախցիներից շատերը փնտրտուքների մեջ են, նրանք վարձով տարբերակներ են փնտրում, սակայն կառավարության տրամադրած 100.000 դրամով նույնիսկ գյողերում դժվար են տուն գտնում։