Ոչ մի արցախցի չի կամենա ապրել ռուս դիտորդների վերահսկողության ներքո
copy image url

Ոչ մի արցախցի չի կամենա ապրել ռուս դիտորդների վերահսկողության ներքո

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 09-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս չի ավարտվել։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ, որը տեղակայվել է Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։

Այս հայտարարությունն ուշագրավ էր այն առումով, որ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով Արցախը փաստացի հայաթափվել է, իսկ ադրբեջանական կողմը դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո էր պնդում, որ հակամարտությունն արդեն ավարտվել է։

Միևնույն ժամանակ ներկայումս հարցեր են առաջանում հայաթափված Արցախում ռուս խաղաղապահների ներկայության առնչությամբ, քանի որ նրանց հիմնական գործառույթը տեղի բնակչության անվտանգության ապահովումն էր, իսկ այնտեղ բնակչություն փաստացի չի մնացել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ դժվար է հասկանալ, թե Ռուսաստանի փոխարտգործնախարարն ինչ նկատի ունի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին հերթին շեշտը դնում է իր խաղաղապահ առաքելության վրա, քանի որ կարիք ունի տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ներկայումս, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով, Ռուսաստանում և աշխարհում նկատի ունեն ոչ միայն կոնկրետ Ղարաբաղի հարցը, այլ նաև ընդհանրապես ողջ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նա շեշտում է, որ դատելով 8 անկլավների վերաբերյալ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ալիևի հնչեցրած պահանջներից, որոնք, ըստ իրենց պետք է «‎դեօկուպացվեն», տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը և հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռևս կարգավորված չեն․

«Առաջին հերթին Ադրբեջանի կողմից դրանք կարգավորելու որևէ ցանկություն չկա։ Այնտեղ շարունակում են պահանջել ամեն ինչ և այսօր։ Կարծում եմ, որ Ռուսաստանում էլ են սա շատ լավ հասկանում և անում են այսպիսի հայտարարություններ‎»։

Հարցին, թե այս հայտարարություններն ի՞նչ կարող են տալ Հայաստանին, կամ արցախահայությանը՝ մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց․ «բացարձակապես ոչինչ, միայն նոր վտանգներ‎»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք Մոսկվան այսպես ձգտում է հասնել նրան, որ Արցախի բնակչության գոնե մի մասը համաձայնի վերադառնալ, որպեսզի հիմքեր ստեղծի Արցախում իր խաղաղապահների ներկայությունը պահպանելու համար՝ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ ակնհայտորեն դա բխում է Ռուսաստանի շահերից, սակայն նա չի պատկերացնում այն մեխանիզմները, որոնցով ռուսները կարող են արցախցիներին հետ բերել։ Այս համատեքստում նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձավ հավատալով ռուսներին և իրենց տված անվտանգային երաշխիքներին։

«‎Այդ երաշխիքները տրվել էին ամենաբարձր մակարդակով․ անձամբ Պուտինն է մի քանի անգամ հայտարարել այդ մասին։ Մենք վերջերս Վալդայում իր ելույթի ժամանակ տեսանք, որ նա հերքեց ինքն իրեն և ասաց, որ երբեք որևէ անվտանգային երաշխիք չեն տվել, խաղաղապահները անվտանգային գործառույթներ չէին կատարում, ընդամենը դիտորդի դեր էին կատարում։ Կարծում եմ՝ Պուտինի այս հայտարարությունները լսել եմ ոչ միայն ես, այլ նաև արցախցիները, ուստի վերադառնալ Արցախ, որպեսզի այնտեղ գտնվեն ռուս դիտորների վերահսկողության ներքո, որևէ արցախցի չի կամենա։ Այո՛ ռուսներն ունեն ցանկություն, որպեսզի այդպես լինի, սակայն ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում»,- նշեց Ստեփանյանը։

Անդրադառնալով հայաթափված Արցախ ՄԱԿ-ի երկրորդ առաքելության ժամանմանը՝ քաղաքագետն ընդգծեց, որ դրա նպատակն է շտկել առաջին առաքելության բացերը և ոչ ազնիվ գործունեությունը։ Նրա խոսքով՝ առաջին առաքելությունը որևէ լուրջ իրողություն չֆիքսեց, և ադրբեջանական մամուլից միայն կիսատ հայտարարություններ եղան։

«‎Այսինքն նրանք եկան և ֆիքսեցին, որ Արցախում մարդ չկար, սակայն նրանց չի հետաքրքրել և չեն ֆիքսել, թե ինչու այդ մարդիկ այնտեղ չեն։ Կարծում եմ, որ ՄԱԿ-ը, Եվրոպան, ԱՄՆ-ն, միջազգային հանրությունն այդ ամենը տեսան, որից հետո կարիք առաջացավ նոր առաքելություն իրականացնել, որը, հույս ունեմ՝ կլինի ավելի օբյեկտիվ և կտա ռեալ գնահատական այն ամենին, ինչ այսօր տեղի է ունեցել։ Իսկ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, և մենք պետք է ստանանք այդ գնահատականը, դա կարևոր է»,- եզրափակեց նա։