Բաքուն անգամ իր ստանձնած պարտավորությունները չի կատարում․ Գրանադայի հայտարարությունը ՀՀ-ին ոչինչ չի տա
copy image url

Բաքուն անգամ իր ստանձնած պարտավորությունները չի կատարում․ Գրանադայի հայտարարությունը ՀՀ-ին ոչինչ չի տա

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:30 06-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հռչակագիր է ստորագրել, որով հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։

Հատկանշական էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բոյկոտել էր այս հանդիպումը՝ պատճառաբանելով Ֆրանսիայի դիրքորոշումը և պահանջելով Թուրքիայի մասնակցությունը։ Փաստացի Հայաստանի վարչապետը միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փոխարենը չարձանագրելով անգամ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը։

Հայտարարության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։

«Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները»,- նշված է քառակողմ հայտարարությունում։

Հայտարարությունում միևնույն ժամանակ նշվել է, որ իրենք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառակուսի կմ) և Ադրբեջանի (86600 քառակուսի կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։

«2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը կոչ է անում նաև ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Բացի այդ, եվրոպացի առաջնորդները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար։

Չնայած Հայաստանի իշխանությունները և վերջիններիս կից փորձագետները պնդում են, որ Երևանը Գրանադայում ստացել է այն, ինչ ցանկացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի, այնուամենայնիվ այս պնդումները չեն համապատասխանում իրականությունը։ Գրանադայի հայտարարության տեքստում առկա ձևակերպումները ամենևին հնարավոր չէ հաղթանակ որակել, սակայն եթե նույնիսկ ՀՀ-ին հաջողվեր փաստաթղթում արձանագրել բոլոր ցանկալի ձևակերպումները, ապա այս իրավիճակում դա ոչինչ չէր տա, քանի որ Ադրբեջանն այն չի ստորագրել։

Այստեղ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով չի կատարում անգամ այն պարտավորությունները, որոնք ինքը ստանձնել է եռակողմ հայտարարություններով և այլ փաստաթղթերով, ուստի իրատեսական չի լինի ակնկալել, որ վերջինս իր գործողություններում հաշվի կառնի մի փաստաթուղթ, որը նա չի ստորագրել։ Ասվածի լավագույն օրինակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր, որով պետք է զորքերը մնային իրենց զբաղեցրած դիրքերում, երաշխավորվեր Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը, ինչպես նաև բոլոր ռազմագերիները վերադարձվեին, սակայն ստորագրումից մեկ ամիս անց ակնհայտ էր, որ Բաքուն մտադիր չէ կատարել փաստաթղթի դրույթները, իսկ վերջին ագրեսիան փաստեց, որ այն փաստացի այլևս չի գործում։

Միևնույն ժամանակ Գրանադայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության միակողմանի ճանաչումը վերջինիս թույլ կտա լեգիտիմացնել իր պահանջներն այսպես կոչված նախկին անկլավներն իրեն հանձնելու շուրջ, ինչպես նաև հերթական անգամ հղում կատարել Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Արցախն ու անկլավները։ Փաստացի սա այսպես կոչված անկլավների հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինեն ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզները, որոնցով հիշյալ անկլավներն ընդգրկված են Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանական կողմը, չստորագրելով այս հայտարարությունը, կարող է հմուտ կերպով այն օգտագործել իր օգտին և ՀՀ-ին հերթական զիջումը պարտադրել։ Սակայն եթե Հայաստանում նախքան անկլավների հանձնումը իշխանափոխություն տեղի ունենա և փորձառու դիվագետները հնարավորություն ունենան զբաղվել արտաքին քաղաքականությամբ, ապա վերջիններս կկարողանան մանևրել և շրջանցել Գրանադայի հայտարարության հետևանքները՝ որպես հիմնական հակափաստարկ ներկայացնելով այն իրողությունը, որ Բաքուն չի ստորագրել հայտարարության տեքստը։