Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։
Էկվադորի ներկայացուցիչը շեշտեց, որ սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն, քանի որ դրանց հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել, հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները․ որևէ կերպ չի կարող արդարացվել ռազմական ուժի գործադրումը՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի։
«Այս գործողությունները հակասում են այն ժամանակավոր միջոցներին, որոնք Արդարադատության միջազգային դատարանը կիրառել է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին։ Վերջերս հայտարարված հրադադարը պետք է ամբողջովին պահպանել տեղում։ Այն միջոց պետք է ծառայի՝ թոթափելու համար լարվածույթունը՝ նպատակ ունենալով ապահովել անհրաժեշտ պայմաններ և երաշխիքներ տարածաշրջանի բնակիչների անվտանգության և իրավունքների համար»,- ասաց նա։
Էկվադորի ներկայացուցիչը հիշեցրեց մարդասիրական ծանր վիճակը և դրա հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար՝ կարևորելով մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը։
Էկվադորը կոչ արեց կողմերին վերադառնալ երկխոսության և դա անել բոլոր հարթակներում։
Ներկայացուցիչը խորհրդին կոչ արեց ապահովել երկխոսության արդյունքում դիվանագիտական լուծման կայացումը կողմերի միջև։