Մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ․ Փաշինյան
copy image url

Մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 14-09-2023
Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժեքը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով: Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռնատարների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու, Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձկա հատվածում։

Ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- հավելեց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Ըստ նրա՝ կաշխատեն ու սեղմ ժամկետում կներկայացնեն իրենց մեկնաբանությունները։

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը»,- ասաց նա։