Ակսել Բակունցը իր ճակատագրական սիրուն՝ նորնախիջևանցի Վարյա Չիվիջյանի հետ ծանոթացել է Խարկովում 1923 թվականին:
Բակունցի կինը տարիներ անց գրում է․ «Մեր միջև միանգամից ստեղծվեցին բարեկամական հարաբերություններ։ Որքան շատ էի ճանաչում նրան, այնքան շատ էի զարամնում նրա ի բնե զարգացածությամբ, խելացիությամբ, ներքին մեծ մաքրությամբ ու շիտակությամբ առանձնացող և իր ժողովրդին խորունկ սիրող Բակունցով»:
1923-ի հուլիսին Բակունցն ավարտում է գյուղատնտեսական ինստիտուտը: Խարկովից մեկնելուց առաջ նա առաջարկում է Վարվառային ամուսնանալ և միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան նախապատրաստվում էր բուհի ընդունելության քննություններին և մերժում է Բակունցի առաջարկը։

Դառնացած Վարվարայի որոշումից՝ 1923 թվականի հուլիսի 13-ին Բակունցը Խարկովից մեկնում է Խորհրդային Հայաստան: Մի քանի ամիս նրանք նամակագրական կապ չեն ունենում: Գործուղման բացակայության պատճառով Վարվառային չեն թույլատրում մասնակցելու ընդունելության քննություններին: Այդ լուրը հասնում է Բակունցին, և նա նամակով առաջարկում է Վարվառային սովորել Երևանում:
1923 թվականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երևան և ընդունվում պետական համալսարան: Հայոց լեզվի վատ իմացությունը դժվարացնում էր Վարվառայի ուսումնառությունը, 1924-ին նա թողնում է համալսարանը և ամուսնանում Բակունցի հետ:
Բակունցը ստանձնում է Գորիսի գավառային գյուղատնտեսի պաշտոնը, և նրանք միասին մեկնում են Բակունցի հարազատների մոտ՝ Գորիս, որտեղ ապրում են մինչև 1926 թվականի մայիսը: Այդպես հյուսվում է Բակունցի խաղաղ ընտանեկան կյանքը։ Սակայն, ցավոք, Բակունցի ընտանիքին վիճակված էր դառնաղետ ճակատագիր: Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլև՝ նրա ընտանիքը:
Վարվառան Բակունցի գնդակահարությունից հետո, որպես ժողովրդի թշնամու կին, բանտարկվեց և աքսորվեց, մանկահասակ որդին որբացավ: Բակունցի՝ բանտում եղած ժամանակ կինը մի քանի անգամ այցելել է նրան: Վերջին երկու այցելության ժամանակ Վարվառայի հետ եղել է նաև նրանց մինուճար որդին՝ Սևադան, որը Բակունցի ձերբակալությունից առաջ ծանր հիվանդացել էր և ըստ էության փրկվել վերահաս մահից: Մոր և որդու այցելությունը բանտում գտնվող հորը ամենայն հավանականությամբ եղել է Բակունցի համառ խնդրանքներից հետո, որովհետև Բակունցի կնոջից դա պահանջում են նաև իրավական մարմինները:

«Դժվար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց չհամարձակվեցի գնալ առանց նրա: Տեսակցությունը չափազանց ծանր էր: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի:
Իմացիր,-ասաց նա ինձ,- այն ամենը ինչ ասում եմ քեզ՝ պատահական մտքեր չեն, այլ արդյուք են երկար անքուն գիշերների:
Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային:
-Որդիս,-անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,-այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն:
Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը»:
1937-ի հուլիսի 18-ին Վարվառան այցելում է բանտ, բայց նրան ասում են, որ Բակունցն աքսորվել է:

«Ալեքսանդրի ձերբակալությունից հետո մեզ ոչ ոք չէր այցելում: մեր աղմկոտ տունը, որ միշտ լի էր հյուրերով, մարդիկ «մոռացել էին»: Փողոցում անգամ ինձնից խուսափում էին մեր բոլոր ծանոթները, բարեկամները: Հեռվից տեսնելով ինձ՝ ճանապարհը փոխում էին: Բոլորովին մենակ էինք մնացել: Անասելի ծանր օրեր էին»,- գրում է Վարվառան։
1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, բնակարանն ամբողջ ունեցվածքով արգելափակում են, երեխային հանձնում Բակունցի եղբորը։ Նրան ութ տարով աքսորում են Տեմինկովյան ճամբար, որտեղից վերադառնում է 1945-ի աշնանը:
Ժամանակակիցները վերհիշել են Բակունցի կնոջ` Վարվառա Չիվիջյանի` աքսորից վերադառնալու պատմությունը:

Հարևաններից մեկը բակում նստած տեսնում է մի կին է գալիս ու ասում է, որ կանչեն Բոխչագյուլ մայրիկին, նա էլ ծառի վրա խնձոր քաղելիս է լինում: Ասում է՝ «սոված կլինի, էդ խնձորից տար, տո՛ւր թող գնա»: Բայց կինն ասում է, որ Բոխչագյուլն է պետք: Վերջինս ինչ-որ բան է կանխազգում, գնում է ու դժվարությամբ ճանաչում հարսին: Պարկի կտորներից կեղտոտ, պատառոտված շոր է լինում հագին։
Այս հուզումնառատ հանդիպումն էլ դառնում է բաժանված ընտանիքի վերամիավորման երջանիկ վայրկյանը։