«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը սկսել է Արաբկիր և Աջափնյակ համայնքներից։ Սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն իրականացնելու համապետական մասշտաբով՝ Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ հանրային տրամադրությունները հակաիշխանական են, և շատ կարևոր է այդ քվեով մեծացնել իշխանափոխության հավանականությունը։
«Երևանի ավագանու ընտրություններից հետո մենք առաջարկելու ենք հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձևավորման, և ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ իշխանափոխությունն այն կարևորագույն նախապայմանն է, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Իշխանափոխությունը Երևանում հնարավորություն կտա նաև հաղթահարել ներքին՝ Երևանի կառավարման խնդիրները, սոցիալ-տնտեսական խնդիրները։ «Նույնիսկ մանր թվացող խնդիրները, որոնք, թվում է թե, ընթացիկ լուծումով կարող են արդյունք արձանագրել, միևնույն է՝ ամբողջական իշխանափոխության կարիք կա, որովհետև առանձին վերցրած՝ մեկ միավորի մեջ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել, երբ Հայաստանի քաղաքական կառավարման և օրենսդրական դաշտը փոփոխության կարիք ունի»։
«Մայր Հայաստան» դաշինքը N 14-ն է քվեաթերթիկում։ Նշենք, որ դաշինքի անդամների ևս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կմիանա այդ խմբին և ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։