Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդ 33-ամյա Հ.Պ․-ի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում։
«Մեզ մոտ տեղափոխված 33-ամյա Հ.Պ-ն շոկային վիճակում էր, հիմա վիճակը միջին ծանրության է, բայց գիտակցությունը տեղն է, այսինքն՝ կարող է լիրաժեք հաղորդակցվել։ Առողջական վիճակի մեջ նկատվում է փոփոխություն։ Կամաց-կամաց վիճակը կայունանում է, կմնա մեր ԲԿ-ում, չենք պատրաստվում տեղափոխել Երևան»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացում Հ.Պ․-ի հիվանդասենյակի մոտ։
Մեր տեղեկություններով՝ Հ.Պ․-ն դեռ չի հարցաքննվել, բայց ոստիկանների այցերի պակաս չի ունեցել։
Նշենք, որ Հ.Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղեւորությունից։