2 օրից 6-ամսական Ավետիսը կաթ չի ունենա․ արցախցիների պատմությունները կներկայացվեն ՄԱԿ-ին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:28 15-08-2023
«Բացում» նախաձեռնության անդամները Արցախից հավաքագրում է մարդկանց պատմություններ, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք ուղարկվում են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ։

Տեսանյութերից մեկում 6 երեխաների մայրը՝ Լալա Ոսկանյանը, ով Ստեփանակերտի բնակիչ է, պատմում է, որ փոքր որդին ծնվել է շրջափակման ժամանակ և սնվում է արհեստական կաթնախառնուրդով, ինչն այլևս Արցախում չկա։

«Մենք երկու օրից լուրջ խնդրի առաջ կկանգնենք, որովհետև Ավետիսը կաթնախառնուրդ չի ունենա ուտելու։ Հավելյալ սնունդի համար չկա բավարար միրգ, բանջարեղեն, նպարեղենի, ալյուրի պակաս կա»։

«Բացում» նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանն Oragir.News-ին պատմեց, որ արդեն 2 անգամ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով կենտրոնական գրասենյակին փոխանցել են Արցախում իրավիճակը նկարագրող պատմությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ որոշումներ կայացնողների վրա։

«Նկարներ, տեսանյութեր ենք ուղարկել։ Սա մեզ հնարավորություն է տալիս, որ արցախցուն ուղիղ իմաստով ներկայացնենք ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակ»։