5-րդ հարկից ընկած վերելակի միջից կինը գոռում էր՝ խեղդվեցի՜, հանե՜ք ինձ․ ականատես

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:26 10-08-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

Այսօր Երևանի Արգիշտի փողոցի 11/3 շենքի վերելակը 5-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ինչի հետևանքով ներսում գտնված կինը մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

ԱԻՆ-ի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին քննություն է ընթանում․

«Ահազանգ ենք ստացել, որ վերելակի մեջ մարդիկ են մնացել, վերելակը պոկվել է, և խցիկն ընկել է հորանը։ Մարտական հաշվարկ է ժամանել, տարհանել են քաղաքացուն, բայց այս պահին տեսնում ենք, որ ճոպանները տեղում են, վերելակը չի ընկել, մնացածի մասին կարող ենք ասել քննությունն ավարտելուց հետո»։

Շենքի բնակիչները Оragir․News-ի հետ զրույցում պատմեցին, որ շենքի 2 վերելակներից մեկը համատիրությունը փակել է, մնացել են միայն մեկի հույսին, բայց սա էլ մի քանի ամիս է՝ նորմալ չի աշխատում, դիմել են համատիրության նախագահին, սակայն հարցը չի լուծվել։

«Ես 14-րդ հարկում եմ ապրում, ամեն օր օգտվում ենք վերելակից, այսօր առավոտյան էի իջել, նորմալ էր։ Մի քանի անգամ փչացել էր, չէր աշխատում, բայց սկսել էր աշխատել։ Փաստորեն նորից մնացինք առանց վերելակի»,- ասաց շենքի բնակիչներից մի կին։

Շենքի 3-րդ հարկում բնակվող 80-ամյա տիկին Մաքրուհին չկարողացավ զայրույթը զսպել, ասաց, որ մայիս ամսից վերելակը նորմալ չի աշխատում, ինչը լուրջ խնդիր է հատկապես շենքի տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող բնակիչների համար։

Տիկին Մաքրուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ 5-րդ հարկից 1-ին հարկ ընկած վերելակում մնացած մոտ 60-ամյա կնոջն առաջին օգնություն հասցնողներից մեկն էլ ինքն է եղել․

«Այդ կինը ասաց, որ վերելակը 5-րդ հարկից թափ տալով ընկել է, մենք ենք օգնել, որ հանենք։ Էդ կինը գոռում էր՝ խեղդվեցի՛, հանե՛ք ինձ, հանե՛ք։ Դռները բացել ենք, ախպորս աղջիկը 4-րդ հարկից դեղ է իջեցրել, սառը ջուր ենք բերել, արանքից մի կերպ խմեցրել ենք, հետո խեղճ աղջկան քաշել, հանել ենք միջից»։

Շենքի այլ բնակիչներ ևս բողոքեցին վերելակի անսարքություններից, ասացին, որ չնայած դրա սպասարկումը համատիրության տիրույթում է, սակայն դիմել են տարբեր գերատեսչությունների, որպեսզի խնդրին վերջնական լուծում տան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան