«Ես չպիտի հետևիմ լատինական այն ասացվածքին, թե մեռելների մասին կա՛մ լավը պիտի ասել, կա՛մ չխոսել: Մեռելները նույն մարդիկն են, ինչ որ կենդանիները, իսկ մարդկանց մասին միշտ պիտի ասել ճշմարտությունը, մանավանդ երբ նրանք ունին որևէ պատմական արժեք»,- մի առիթով գրել է Ալեքսանդր Շիրվանզադեն:
Հայտնի է, որ Շիրվանզադեն բոլորին քննադատելու բարդույթ ուներ։ Թեև նա իսկապես բարձաճաշակ գեղագետ էր, սակայն երբեմն չափազանց խիստ էր արտահայտվում իր գրչընկերների մասին։
Ավետիս Ահարոնյանի որդին՝ Վարդգես Ահարոնյանը Շիրվանզադեի մահվան առիթով ասել է․ «Շիրվանզադեն գնաց՝ իր հետ տանելով նաև իր մարդկային տկարությունները: Եվ ո՞վ է, որ չունե այդ տկարությունները: Մնաց մի բան: Մնաց հայոց գրականության գեղեցիկ շենքը, որի ամրակուռ սյուներից մեկի վրա գրված է. «ՇԻՐՎԱՆԶԱԴԵ»»:
Այսօր Ալեքսանդր Շիրվանզադեի հիշատակի օրն է։

Գուրգեն Մահարին իր հուշերում պատմում է, թե ինչպես է մի անգամ Եղիշե Չարենցը մտադրվում հաշտեցնել երկու հանճարներին՝ Շիրվանզադեին ու Հովհաննես Աբելյանին։
«Շիրվանզադեն ու Աբելյանը տարիներով խռով են։ Պատճա՞ռը։
Շիրվանզադե – Իմ պիեսներով դերասան դարձավ Աբելյանը։
Աբելյան – Շնորհիվ իմ խաղին՝ դրամատուրգ հռչակվեց Շիվանզադեն։
Ու չէին խոսում։
Չարենցը սիրում էր երկուսին էլ։
-Հարկավոր է հաշտեցնել, անհարմար է․․․
Հրավիրեց «Ինտուրիստ»՝ ընթրիքի։
Եկան մեկը մյուսից անտեղյակ։ Այնտեղ էինք Ակսելի հետ, գործին տեղյակ։ Նստեցին, փքվեցին, չեն խոսում։

Արտասանեց մի փայլուն ճառ։ Գնահատեց, դրվատեց առանձին-առանձին և միասին, նկարագրեց, թե ինչ վիթխարի տպավորություն կթողնի, եթե նրանք միասին երևան Աբովյանի վրա և ինչ չնչին, խեղճ, քստմնելի երևույթ է, երբ նրանցից մեկն իջնում է Աբովյանի մի մայթով, մյուսն իջնում է մյուս մայթով, և նրանցից մեկը նայում է հարավ, իսկ մյուսը՝ հյուսիս։
Ճառը մեծ տպավորություն թողեց։ Երկու պատկառելի արվեստագետները ողջագուրվեցին։ Հաշտությունը կայացավ։
Սեղանն առաջ էր գնում։ Շիրվանզադեն լցրեց Աբելյանի բաժակը, Աբելյանը խորովածի մի փափուկ կտոր դրեց Շիրվանզադեի ափսեում։
Չարենցի աչքերը վառվեցին չար կրակով։
-Ո՞նց եք, կռվացնեմ նորից,- շշնջաց։
Ակսելի աչքերը փայլեցին մանկական չարաճճիությամբ։ Ժպտաց։
-Պետք չի։
Իսկ իմ սարսափը զուր չէր։

Արմունկը հենեց սեղանին, ճակատը շփեց․
-Ճիշտն ասած, Շիրվա՛ն, Օհանեեսը որ չլիներ, քո պիսեները ո՞վ պիտի խաղար․․․
Ինչպես կայծակ արևոտ երկնքից։
-Իսկ Օհաննեսից ի՜նչ կմնար, եթե հանենք նրանից Բարխուդարն ու Գիժ Դանելը։
Սեղանի շուրջ մնացինք երեքս։
Ծիծաղում էր մեֆիստոֆելյան ծիծաղով։
-Ոչինչ, էլի կհաշտեցնեմ։
Չհասցրեց»։
Օվսաննա Իսրայելյան