«Հեղափոխության պահապանները» դուրս են եկել «հեղափոխության» դեմ

Ներքին 1 տարի առաջ - 13:30 07-08-2023
«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամ Հայկ Ստեփանյանը չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել, քանի որ, իր խոսքով, իրենց նպատակները չեն համապատասխանում իշխանությունների նպատակների հետ։ Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով իրեն առաջարկված պաշտոններին և դրանից հրաժարվելու պատճառերին։

Ստեփանյանը հիշեցրել է, որ 2018 թվականից սկսած եղել են իշխանության կողքին, ամեն կերպ օգնել են նրանց։ «Շատ հարցերում, երբ որ իշխանությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եղել «Հեղափոխության պահապաններ» թիմն իրենց մեջքը պահել է, և այնտեղ չկա մեկը, որը կփորձվի սա հերքել։ Իշխանության նպատակները այլ են, մենք լրիվ այլ բան ենք պատկերացրել, սա ուզում եմ արձանագրել»,- նշեց նա՝ խոստանալով հետագայում ավելի մանրամասնել։

Վերջինս նաև իր խոսքում դիմել է իշխանության մեջ ծվարած 22-23 սորոսականներին՝ նրանց որակելով որպես օտարերկրյա գործակալներ։

Հիշեցնենք, որ Հայկ Ստեփանյանը Հայաստանում իշխանափոխությունից՝ մասնավորապես 2021 թվականին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վերընտրությունից հետո զբաղեցրել է բազմաթիվ պետական պաշտոններ։ 2021-2022 թվականներին Ստեփանյանը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականը, 2022-ին մի քանի ամիս պաշտոնավարել է որպես ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության Կարգապահական և ներքին հսկողության բաժնի փորձագետ, իսկ ավելի ուշ նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի օգնական։ Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարումից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամը մնացել է գործազուրկ։

Մանրամասները՝ տեսանյութում․