Հայերը ցանկանում էին Հայաստանին միացնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը. Հաջիև
copy image url

Հայերը ցանկանում էին Հայաստանին միացնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը. Հաջիև

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 10-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական, նախագահականի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ «հայերը ցանկանում էին Հայաստանին միացնել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, այս մասին Հաջիևն ասել է Բաքվի ADA համալսարանում «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կայացած համաժողովի ընթացքում։

Հիքմեթ Հաջիևը պնդել է, որ 1987-1990 թվականներին Հեյդար Ալիևի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում։ Նրա խոսքով՝ այն ժամանակվա փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Հեյդար Ալիևին ֆիզիկապես ոչնչացնելու համար նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվել, սակայն այդ մտադրությունները չեն հաջողվել»։

«Պատմաբաններն իրենց ուսումնասիրություններում երբեմն շեշտում են, որ հայերը որպես իրենց տարածք են ներկայացնում միայն Ղարաբաղ, սակայն իրենց ուսումնասիրություններում պատմաբանները պետք է հաշվի առնեն, որ հայերն ուզում էին Հայաստանին միացնել ոչ միայն Ղարաբաղը, այլև Նախիջևանը : Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի Նախիջևան գալուց հետո նրանց այս երազանքները չիրականացան։ Հեյդար Ալիևը Նախիջևանը փրկեց Ղարաբաղի ճակատագրից»,- կարծում է նա:

Ալիևի օգնականը ընդգծել է, որ մինչև 1993 թվականը Ադրբեջանը չէր կարող լիովին անկախ պետություն համարվել։ Նրա համոզմամբ՝ միայն 1993 թվականին՝ Հեյդար Ալիևի վերադարձից հետո Ադրբեջանը լիովին անկախացավ։

Հաջիևը հավելել է, որ այն կադրերը, որոնք ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ, այսօր էլ իրենց ներդրումն են ունենում պետականության զարգացման գործում։