Ուղիղ եթեր
Նոր մարտահրավերները որոշակի խմբագրումներ են մտցնում ժողովրդավարության մասին պատկերացումներում
copy image url

Նոր մարտահրավերները որոշակի խմբագրումներ են մտցնում ժողովրդավարության մասին պատկերացումներում

Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 22:30 06-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայում հունիսի 27-ից սկսած օրեր շարունակ փողոցներն անհանգիստ էին, որի պատճառը Նանտերում պարեկային ծառայողի հրամանին չենթարկված 17-ամյա ալժիրցի երիտասարդի գնդակահարությունն էր։ Ամիսներ առաջ էլ Ֆրանսիայի փողոցները կրկին անհանգիստ էին՝ կապված նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների օրենքի հետ, որով բարձրացվել էր կենսաթոշակի անցնելու տարիքը։

Ալժիրյան ծագմամբ երիտասարդի սպանությունից հետո երկրի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր տեղի ունեցան, որում բավական մեծ մասնակցություն ունեցան երիտասարդները։ Չնայած վերջին օրերին իրավիճակը որոշ չափով հանդարտվել է, այնուամենայնիվ նախօրին նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել երկրում սոցցանցերի անջատման հնարավորությունը, եթե երկրում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնեց, որ Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումների պատճառները շատ բազմաշերտ են։ Նրա խոսքով՝ երբ նշում ենք, որ աշխարհը փոխվել է, դա վերաբերում է ոչ միայն միջազգային հարաբերություններին, այլ նաև առանձին երկրների հասարակական-քաղաքական հարաբերություններին, զարգացման դինամիկային և այլն։

Սուրենյանցը նկատում է, որ այս փոփոխությունները տարբեր երկրներում տարբեր կերպ են դրսևորվում։ Նա այս համատեքստում հիշեցրեց 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած հուզումները, նույն թվականի նախագահական ընտրությունների հետևանքները, վերջերս Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից կազմակերպված խռովության փորձը և այլն։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ֆրանսիայում ակնհայտորեն առկա է քաղաքական ինստիտուտների ճգնաժամ։ Նա նշեց, որ սա նոր երևույթ չէ՝ հիշեցնելով դեղին բաճկոնների կողմից իրականացված ցույցերը և այլն։ «Ֆրանսիայում քաղաքական համակարգի տրանսֆորմացիա է տեղի ունենում, որը բավականին ցավոտ է ընթանում։ Անշուշտ, դրա վրա ազդեցություն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնները։ Այս անգամ իշխանություններն իհարկե կարողացան դիմակայել այդ հուզումներին, բայց հարց է առաջանում՝ դրանից Ֆրանսիայի միջազգային դիրքերը կսասանվե՞ն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն նկատվում է, որ Մակրոնի դիրքերի սասանմամբ շահագրգռված են ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս, և այս իրադարձությունները տեղի են ունենում ոչ միայն երկրի ներսում առկա խնդիրների հետևանքով, այլ նաև արտաքին գործոններ կան»,- կարծում է նա։

Հարցին, թե Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկրին որքանով է հարիր նման իրավիճակում սոցցանցերի անջատումը, ինչի մասին հայտարարել էր այդ երկրի նախագահը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ներկայումս ժողովրդավարության մասին պատկերացումները փոխվում են։ Նա շեշտեց, որ այժմ արևմտյան երկրներում այնպիսի երևույթներ ենք տեսնում, որոնք շատ հեռու են ընդհանրական ժողովրդավարական արժեքներից կամ այն պատկերացումներից, որոնք մենք ունենք Արևմուտքի վերաբերյալ։

«Հետևաբար առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք որոշակի խմբագրումներ են մտցնում թե՛պետական քաղաքական համակարգերի վարքագծի մեջ, թե՛ ժողովրդավարության մասին մեր պատկերացումներում։ Իհարկե մի կողմից սոցցանցերի փակումը կարող ենք համարել ժողովրդավարության սահմանափակում, բայց մյուս կողմից էլ եթե սոցցանցերն օրինակ բռնություն են տարածում, բռնության քարոզչությամբ են զբաղվում, ապա տեսանկյունից իրենց սահմանափակումը բերելու է ժողովրդավարության պաշտպանության։ Սրանք շատ վիճելի հարցեր ենք, քանի որ այս խորքային փոխոխությունները տեղի են ունենում մեր աչքի առաջ և դեռևս ընթացքի մեջ են, ուստի վերջնական գնահատականներ տալը շատ դժվար է»,- ընդգծեց նա։

Սուրեն Սուրենյանցը նաև նշեց, որ նման զարգացումների կրկնությունը հնարավոր է, քանի որ երկրում առկա են դեմոգրաֆիկ խնդիրներ, սոցիալական բևեռացում՝ ստորին շերտերի՝ ֆրանսիական հասարակությանը ինտեգրվելու հետ կապված խնդիրները։ Նա նշում է, որ հիմնականում հասարակության արաբական ծագում ունեցող շերտն ակնհայտորեն հավուր պատշաճի չեն ինտեգրվել ֆրանսիակն հասարակությանը, առկա է նաև պետական համակարգի անկատարություն և այլն։

«Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք պատճառ դարձան այս հուզումների առաջացմանը, գոյություն ունեն։ Բացի այդ, պահպանվել են նաև արտաքին խնդիրները, որովհետև Եվրոպայի սուվերենության մասին Մակրոնի պնդումներն ակնհայտորեն արևմտյան աշխարհում ոչ բոլորին են դուր գալիս»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ